2020 թվականին Եվրոպայի բնակչության մոտ 6 տոկոսը կկազմեն մուսուլմանները. հետազոտություն
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ 2008 թվականի տվյալների համաձայն՝ ԵՄ-ի բնակչության ընդհանուր թիվը կազմում է 495.4 միլիոն մարդ: Ակնկալվում է, որ 2060 թվականին այդ ցուցանիշը կհասնի 505.7 միլիոնի:
2013 թվականին կատարված հետազոտության համաձայն՝ 2010 թվականին Եվրոպայի բնակչության 78.6 տոկոսը քրիստոնյաներ են: Ակնկալվում է, որ 2020 թվականին այդ ցուցանիշը մի փոքր անկում կապրի՝ նվազելով մինչև 78 տոկոսի:
Հետազոտությունը վկայել է, որ 2020 թվականին մուսուլմանական բնակչության մասնաբաժինը կհասնի մինչև 5.9 տոկոսի, մինչդեռ 1970 թվականին այն կազմել է 2.7 տոկոս:
ԵՄ-ի երկրների թվում Ֆրանսիայի 63.4 միլիոն բնակիչներից 5.5 միլիոնը մուսուլման է, Գերմանիայի 82.3 միլիոն բնակիչներից մուսուլման է 3.5 միլիոնը, իսկ Մեծ Բրիտանիայի 60.9 միլիոն բնակչությունից 1.8 միլիոնն է մուսուլման: 9.1 միլիոն բնակչությամբ Շվեդիայում մուսուլմանների թիվը կազմում է 0.5 միլիոն:
Եթե Ֆրանսիայում ու Մեծ Բրիտանիայում մուսուլմանների շրջանում գերակշռում են աֆրիկյան արմատներ ունեցողները, ապա Գերմանիայում գերակայում են թուրքերը: Բացի այդ, Եվրոպայում կան մեծ թվով մուսուլմաններ, որոնց արմատները ձգվում են դեպի Մերձավոր Արևելք, Աֆղանստան, Պակիստան: