ԵՄ-ը պետք է ապացուցի, որ բացառապես քրիստոնեական խմբակ չէ. Վոլքան Բոզքըր

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով պետնախարար և ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գծով գլխավոր բանագնաց Վոլքան Բոզքըրը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե Թուրքիան «մեծ փորձ ունի» ահաբեկչության դեմ պայքարում և «կարող է» այդ ոլորտում օրինակ հանդիսանալ Եվրոպայի համար.

«Մենք Եվրոպային ասում ենք՝ օրինակ վերցրեք մեզանից: Աշխարհում ահաբեկչության դեմ պայքարում ամենամեծ ներդրումն ունի Թուրքիան: Թուրքիան ունի այդ պայքարի երեսնամյա փորձ: Այդ պայքարում մենք կորցրել ենք 30.000 մարդ: Չնայած դրան՝ մենք վերացրեցինք մահապատիժը, փոխեցինք օրենքները, կատարեցինք բարեփոխումներ: Մենք կարևոր քայլեր ձեռնարկեցինք ահաբեկչության դեմ պայքարում, ինչի մասին վկայում է «կարգավորման գործընթացը»:

Թուրքիան կարող է իսլամատյացության ու կրոնական արմատականության աճի կանխման հարցում լրջորեն օգնել ԵՄ-ին: ԵՄ-ը պետք է ապացուցի, որ չի հանդիսանում բացառապես քրիստոնեական խմբակ, և չպետք է խոչընդոտի Թուրքիայի անդամակցությանը: ԵՄ-ը Թուրքիայի նման երկրի հետ կլուծի իսլամատյացության խնդիրը: Այդ հարցում անհրաժեշտ է համագործակցել Թուրքիայի հետ»:

Սրանից առաջ էլ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել էր, որ եթե Թուրքիան անդամակցած լիներ ԵՄ-ին, ապա Եվրոպայում «չէր լինի» միջկրոնական ատելություն: Դավութօղլուի խոսքերով՝ ներկայումս Եվրոպայում տեղի ունեցող դեպքերը, այդ թվում նաև իսլամատյացության աճը չեն հանգեցնի որևէ լավ բանի:

Տեսանյութեր

Լրահոս