Շիրակի մարզպետը՝ ոճրագործությունից հետո Գյումրիում տիրող մթնոլորտի և սպանված ընտանիքի հուղարկավորության մասին. shamshyan.com
Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության ժամանակ Ավետիսյանների ընտանիքի 6 սպանված անդամների հոգեհանգիստը տեղի կունենա վաղը` հունվարի 14-ին, իսկ հուղարկավորությունը՝ հունվարի 15-ին:
Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Նա նշեց, որ բոլոր կազմակերպչական հարցերով զբաղվելու է Շիրակի մարզպետարանը՝ Գյումրիի քաղաքապետարանի հետ համատեղ, ինչպես նաեւ ֆինանսական ծախսերն են հոգալու:
Հարցին, թե Գյումրիում մարդիկ հետաձգե՞լ են հարսանիքները, կնունքներն ու այլ ուրախ արարողությունները, արդյո՞ք սգո օր հայտարարվելու է, թե ոչ, արձագանքեց.
«Չէ, նման բան չկա, բայց ամբողջ Գյումրին է սգում կատարվածը»:
Մեկ այլ հարցին, թե պահանջելո՞ւ են, որպեսզի ոճրագործին հանձնեն հայ իրավապահներին, պատասխանեց, որ դա իրենց իրավասություններից դուրս է: Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ հունվարի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակիցները տեղի հրշեջ-փրկարարների հետ Գյումրի քաղաքի Մյասնիկյան 188 տանը հայտնաբերել էին 6 հոգու դի: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ մահացածներից 2-ը տղամարդ են, 3-ը` կին, մեկն էլ` աղջիկ, որոնց վրա կային հրազենային հետքեր: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր.օր.-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 235-րդ հոդվածի հատկանիշներով:
Ավելի ուշ պարզվել էր, որ սպանվածներն են ընտանիքի հայրը` Սերյոժա Ավետիսյանը, ընտանիքի մայրը` Հասմիկ Ավետիսյանը, նրանց որդին` Արմեն Ավետիսյանը, վերջինիս կինը` Արաքս Ավետիսյանը, դուստրը` Աիդա Ավետիսյանը, իսկ 2-ամյա երեխան Հասմիկ Ավետիսյանն էր: Ողջ է մնացել միայն 6 ամսական երեխան` Սերյոժա Ավետիսյանը, որումին տեղափոխել են հիվանդանոց: Նրան վիրահատել էին:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: