«Շտապբուժօգնությունում» կանչեր գրանցվել են հիմնականում սիրտ-անոթային, սուր շնչառական հիվանդությունների և տրավմաների համար

«Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ամփոփեց անցած 2014 թվականը՝ ներկայացնելով, թե որքան կանչեր են գրանցվել տոնական օրերին:

Ըստ այդ տվյալների՝ նախորդ տարի ընդհանուր հաշվով կատարվել է 226 հազար 357 կանչ: Այդ կանչերից հիվանդանոց է տեղափոխվել 43 հազար 415 մարդ. «Պետք է ասեմ, որ 7778 կանչով ավելի է արվել, քան 2013թ., և հիվանդանոց են տեղափոխվել 3196-ով ավելի: Մանկական կանչերի թիվը 23 հազար 379 են, հիվանդանոց են տեղափոխվել 8324-ը, որը 1023-ով ավելի է, քան 2013թ.»:

Թագուհի Ստեփանյանի խոսքով՝ ինչպես ամեն տարի, այս տարի ևս կանչեր գրանցվել են հիմնականում սիրտ-անոթային, սուր շնչառական հիվանդությունների և տրավմաների համար:

Ինչ վերաբերում է տոնական օրերին գրանցված կանչերին, ապա հունվարի 1-ից մինչև 11-ը ընդհանուր կանչերի քանակը եղել է 8275, որը 100-ով պակաս է նախորդ տարվա այդ ժամանակահատվածի համեմատ: Հիվանդանոց են տեղափոխվել 750-ը:

Մանկական կանչերի քանակը եղել է 1446, և հիվանդանոց են տեղափոխվել 203-ը: Թ. Ստեփանյանի խոսքով՝ կանչերի թիվն այս տարի պակասել էր, բայց ավելացել էին հիվանդների տեղափոխման դեպքերը հիվանդանոց:

Ըստ Թագուհի Ստեփանյանի՝ կանչերի թիվն ավելացել է, քանի որ մեծացել է նաև վստահությունը «Շտապբուժօգնություն» ծառայության նկատմամբ: Նրա խոսքով՝ կան նաև կանչեր, որոնք բոլորովին «Շտապբուժօգնության» կանչեր չեն, օրինակ՝ գլխացավ, ատամի ցավ, տանն իրականացվող բուժումների համար բժշկի օգնություն և այլն:

 

Տեսանյութեր

Լրահոս