Ադրբեջանը գրեթե կրկնակի նվազեցրել է «Բաքու-Նովոռոսիյսկ» նավթամուղով նավթի արտահանման ծավալը
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը «Բաքու-Նովոռոսիյսկ» նավթամուղի շահագործումից հետո առաջին անգամ դրանով փոխադրել է մեկ միլիոն տոննայից էլ պակաս նավթ (չհաշված 1999-2000-ական թվականների խափանումները):
Այս մասին հայտնել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) մամլո ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ 2014 թվականին Նովոռոսիյսկ նավահանգստից բեռնվել է 932.155 տոննա ադրբեջանական նավթ, որն այդտեղ է հասել «Բաքու-Նովոռոսիյսկ» նավթամուղով:
2013 թվականի հետ համեմատ՝ ռուսական նավահանգստից բեռնված ադրբեջանական նավթի ծավալը նվազել է 46.8 տոկոսով: SOCAR-ը պլանավորել էր 2014 թվականին այդ խողովակաշարով ամսական արտահանել 85.000 տոննա նավթ (մեկ տարում 1.020.000 տոննա): Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը մոտ հեռանկարում կարող է ընդհանրապես չունենալ «Բաքու-Նովոռոսիյսկ» նավթամուղի կարիքը: