«Ալ-Քաիդան» խոշոր ահաբեկչություններ է պլանավորում արևմտյան երկրներում. բրիտանական հակահետախուզություն
Sky News-ի փոխանցմամբ՝ «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության անդամները խոշոր ահաբեկչություններ են պլանավորում Մեծ Բրիտանիայում ու արևմտյան մյուս երկրների տարածքում: Այս մասին հայտնել է բրիտանական հակահետախուզությունը:
Վերջինիս գլխավոր տնօրեն Էնդրյու Պարկերը հայտարարել է, որ իրենք տեղյակ են, որ Սիրիայում գործող ծայրահեղականների խումբն ահաբեկչություններ է պլանավորում Արևմուտքի երկրներում:
Պարկերը հավելել է, որ իսլամականները պատրաստվում են այդ հարցում կիրառել նոր մեթոդներ. Մեծ Բրիտանիայի քաղաքացիների թվում հավաքագրված ծայրահեղակնները անկախ գործունեություն են ծավալելու երկրի տարածքում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիայում խստացվել են անվտանգության միջոցառումները՝ կապված Ֆրանսիայի ահաբեկչությունների հետ: Սակայն դրա հետ մեկտեղ Մեծ Բրիտանիայում չի բարձրացվել ահաբեկչական սպառնալիքի մակարդակը: 2014 թվականի ընթացքում Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայություններին հաջողվել է կանխել չորս ահաբեկչություն: