ԱՄՆ-ից հեղուկացված գազի մատակարարումները կմեկնարկեն ընթացիկ տարեվերջին
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ից հեղուկացված գազի արտահանման մեկնարկն ակնկալվում է ընթացիկ տարեվերջին: Համապատասխան կանխատեսմամբ ԱՄՆ Ատլանտյան խորհրդում կազմակերպված սեմինարում հանդես է եկել ԱՄՆ պետդեպարտամենտի՝ միջազգային էներգետիկայի հարցերով հատուկ բանագնաց ու կոորդինատոր Ամոս Հոքսթեյնը:
Նրա խոսքերով՝ հեղուկացված գազի առաջին խմբաքանակները կուղղվեն Ճապոնիա ու Հնդկաստան, սակայն հեռանկարում կարող են հայտնվել նաև այլ շուկաներ: Բացի այդ, Հոքսթեյնն աջակցություն է հայտնել ԵՄ-ի «երրորդ էներգոփաթեթին» ու հեղուկացված գազի ընդունման համար Խորվաթիայում տերմինալ կառուցելու նախագծին:
Հոքսթեյնն ընդգծել է, որ այդ տերմինալը կհանդիսանա առանցքային կարևորության հանգույց, որը հնարավորություն կտա սպասարկել նաև հարևան երկրներին՝ Սլովենիա, Բոսնիա, Մոնտենեգրո ու Սերբիա, ինչպես նաև տարածաշրջանի մյուս երկրներին՝ ներառյալ Հունգարիան, իսկ նրա միջոցով՝ նաև Ռումինիան ու Ուկրաինան: