Թուրքիան պլանավորել է մինչև 2030 թվականը ստանալ F-35 տիպի 100 կործանիչ
Թուրքական Deniz Haber լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հունվարի 7-ին տեղի է ունեցել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գործադիր կոմիտեի նիստը, որը տևել է մոտ 4.5 ժամ: Նիստը նախագահել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն:
Ընդգծվել է, որ ընթացքի մեջ է մեծ հեռահարության զենիթա-հրթիռային համալիրների գնման շուրջ անցկացված մրցույթը: Մինչև 2023 թվականը (Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակ) պետք է ստեղծվի սեփական արտադրության առաջին կործանիչի՝ TF-X-ի առաջին նախատիպը: Դրա նախագիծը պետք է մշակվի հետագա չորս տարիներին:
Դավութօղլուի խոսքերով՝ պլանավորված է մինչև 2030 թվականը գնել 100 հատ F-35 տիպի նոր սերնդի կործանիչ: Նա հավելել է, որ Թուրքիան որոշել է նախկինում պատվիրած երկու հատ F-35-ին ավելացնել ևս չորսը: Որոշվել է զանգվածային արտադրության հանձնել MPT-76 ինքնաձիգը և առաջին փուլում արտադրել 35.000 օրինակ:
Բացի այդ, որոշվել է պատվիրել ևս 6 հատ CH-47F – CHINOOK տիպի ծանր բեռնատար ուղղաթիռներ, որոնք կհավելվեն նախկինում պատվիրված 5 ուղղաթիռին, և այդպիսով Թուրքիան կունենա այդօրինակ 11 ուղղաթիռ: