Սթոլթենբերգը կարևորել է ահաբեկչության դեմ պայքարում Ռուսաստանի հետ համագործակցելը
Bloomberg գործակալության փոխանցմամբ` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը կարևորել է ահաբեկչության դեմ պայքարում Ռուսաստանի դերակատարությունը` չնայած Ուկրաինայի հարցում նրա դիրքորոշմանը: Սթոլթենբերգի այդ հայտարարությունը հնչել է Փարիզում Charlie Hebdo շաբաթաթերթի գրասենյակում իրականացված ահաբեկչության ֆոնին:
Սթոլթենբերգը հայտարարել է. «Մենք բոլորս ահաբեկչությանը հակազդելու ոլորտում ձգտում ենք Ռուսաստանի հետ համագործակցությանն ու կառուցողական փոխգործակցությանը: Մենք մեծապես կարևորում ենք ահաբեկչության դեմ պայքարի նման հարցերում Եվրոպայում մեր խոշորագույն հարևան Ռուսաստանի հետ աշխատելը»:
Նախօրեին Սթոլթենբերգը Charlie Hebdo-ի խմբագրատան վրա իրականացված ահաբեկչությունը որակել էր որպես «բարբարոսական ակտ ու մամուլի ազատության վրա վրդովեցուցիչ հարձակում»: Այդ հարձակումը դատապարտել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Իսկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր ֆրանսիացի գործընկեր Լորան Ֆաբիուսի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Փարիզի ահաբեկչությունը հաստատում է ահաբեկչության դեմ համատեղ պայքարելու անհրաժեշտությունը: