Դմիտրի Յարոշը սպառնացել է նռնակ պայթեցնել Գերագույն ռադայի նիստում
Lenta.ru-ի փոխանցմամբ` ուկրաինական «Աջ սեկտորի» առաջնորդ Դմիտրի Յարոշը հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցի ժամանակ սպառնացել է նռնակ պայթեցնել Գերագույն ռադայի նիստի ժամանակ: Լրագրողների հետ զրույցում Յարոշը հայտարարել է, որ Գերագույն ռադայի հերթական նիստին գալու է նռնակը գրպան դրած:
Նա հավելել է, որ մի շարք պատգամավորների հարևանությամբ իրեն հանգիստ կզգա իր հետ զենք ունենալու դեպքում: Ուկրաինացի ազգայնականների առաջնորդը հայտարարել է, որ իր համար անհարմարավետ է գտնվել մեկ սրահում, որում գտնվելու են նաև Ուկրաինայի բացահայտ թշնամիները:
Յարոշը խոստացել է, որ նռնակը կնետի ծայրահեղ դեպքում: Յարոշը հայտարարել է, որ անվտանգության աշխատակիցներն իրավունք չունեն խուզարկել իրենց` ժողովրդական պատգամավորներին: Յարոշը հավելել է, որ եթե անվտանգության աշխատակիցներն իրեն հարցնեն, թե արդյոք իր մոտ զենք կա, կպատասխանի, որ ոչ և կանցնի սրահ:
Սրանից առաջ հաղորդվել էր, որ «Աջ սեկտորը» հրաժարվել է ենթարկվել Ուկրաինայի պաշտպանության նախարարությանը: «Աջ սեկտոր» հասարակական շարժումը ձևավորվել է 2013 թվականի դեկտեմբերին` «Եվրամայդանի» ժամանակ: