Նազարբաևը Կիևից ու Մոսկվայից հետո այցելում է Բեռլին
Deutsche Welle-ի փոխանցմամբ` Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հունվարի 9-ին մեկնելու է Բեռլին, ուր բանակցություններ կվարի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Այս մասին Բեռլինում հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:
Հանդիպման ժամանակ նրանք կքննարկեն Ուկրաինական հակամարտության կարգավորման հարցն ու «նորմանդական ձևաչափով» հնարավոր բանակցությունների նախապատրաստման հարցը, որոնք Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացվելու են հունվարի կեսին:
Զայբերտը, սակայն, չի հայտնել, թե արդյոք հունվարի 15-ին Աստանայում կանցկացվեն այդ բանակցությունները, թե ոչ: Մերկելի ու Նազարբաևի հանդիպման զուգահեռ հունվարի 9-ին տեղի կունենա Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի ու Ուկրաինայի առաջնորդների հեռախոսային կոնֆերանսը:
Բացի այդ, հաջորդ շաբաթվա սկզբին կարող է տեղի ունենալ այդ երկրների արտգործնախարարների հանդիպման հարցը, որը նույնպես նվիրված կլինի Ղազախստանի մայրաքաղաքում հնարավոր բանակցություններից նախապատրաստմանը:
Ամանորից առաջ էլ Նազարբաևն այցելել էր Կիև ու Մոսկվա, ինչը տեղի էր ունեցել Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև հակամարտության կարգավորման ուղղությամբ միջնորդական ջանքերի շրջանակներում: