Ավարտին է մոտեցել 1 բարելի նավթի համար 100 դոլարի գնի ժամանակաշրջանը. Համաշխարհային բանկ
Lenta.ru-ի փոխանցմամբ` նավթի ցածր գների պահպանումը սպառնալիքի տակ է դնում հիմնական հանքավայրերի հետախուզումն ու մշակումը` ներառյալ թերթաքարային հանքավայրերը, ինչպես նաև ծովային շելֆում վառելիքի արդյունահանումը: Այս մասին նշված է Համաշխարհային բանկի (ՀԲ) երեկվա զեկույցում:
Զեկույցում նշված է, որ ՀԲ-ում կարծում են, որ իր ավարտին է մոտեցել այն ժամանակաշրջանը, երբ մեկ բարել նավթի գինը գերազանցում էր 100 դոլարը: 2015 թվականը հանդիսանալու է վառելիքի ցածր գների տարի, իսկ 2016 թվականին դրանք կաճեն միայն աննշան չափով:
ՀԲ-ի կարծիքով` այդ հարցում վճռորոշ դերակատարություն է ունենալու ԱՄՆ-ի թերթաքարային էներգետիկ բումը: Զեկույցի հեղինակները կարծում են, որ նավթի ցածր գները ամենալուրջ մարտահրավերը կդառնան նավթի խոշորագույն արտահանող երկրների համար, ինչը կազդի նրանց տնտեսության վրա: