Դավութօղլուն առաջին անգամ նախագահելու է Թուրքիայի Բարձրագույն ռազմական խորհրդի նիստում
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ նոյեմբերի 27-ին անցկացվելու է Բարձրագույն ռազմական խորհրդի (Yüksek Askeri Şura, YAŞ) ձմեռային նստաշրջանը, որն առաջին անգամ նախագահելու է ներկայիս վարչապետ Ահմեթ Դավութօղլուն: Դավութօղլուն նաև առաջին անգամ է մասնակցելու YAŞ-ի նիստին:
YAŞ-ի նիստում ընդունված որոշումներն իրենց հերթին առաջին անգամ կներկայացվեն գերագույն գլխավոր հրամանատարի կարգավիճակ ունեցող նախագահ Ռեջեփ Էրդողանին: YAŞ-ի նիստում ուշադրության կենտրոնում են գտնվելու Սիրիայի հետ սահմանի զարգացումները:
Դա մասնավորապես վերաբերվում է «բուֆերային» ու «թռիչքազերծ» գոտիների ձևավորմանը, «Իսլամական պետության» ու Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի դեմ պայքարում Սիրիական ազատ բանակի մարտիկներին ռազմական ուսուցում տալուն, ԱՄՆ-ի կողմից ներկայացված «Ինջիրլիքի» բազան օգտագործելու պահանջին:
Բացի այդ, YAŞ-ի նիստում քննարկվելու են «Քրդական հարցի» կարգավորման զարգացումներն ու զինվորականների դերակատարության հարցը: Ակնկալվում է, որ նիստում կքննարկվի նաև վճարովի եղանակով զինծառայությունից ազատվելու հարցը, սակայն այդ հարցում վերջին խոսքը պատկանում է կառավարությանը: