ԱՄՆ-ն ունի Թուրքիայի կարիքը, իսկ Թուրքիան էլ ունի ԱՄՆ-ի կարիքը. Բայդեն

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երեկ Ստամբուլում հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ: Նրանց հանդիպումը տևել է մոտ 3.5 ժամ, որի ժամանակ նրանք քննարկել են տարածաշրջանային ու միջազգային հարցեր:

Դրանից հետո Էրդողանն ու Բայդենը հանդիպել են լրագրողների հետ: Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ու ԱՄՆ-ը միմյանց հետ համագործակցում են բազում հարցերում ու տարածաշրջաններում` Մերձավոր Արևելքից մինչև Աֆղանստան, Բալկաններից մինչև Միջերկրական ծովի արևելք ու Կովկաս:

Էրդողանը մանրամասնել է, որ այդ համագործակցությունն առնչվում է միջազգային խաղաղության ու կայունության ապահովմանը, ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարին, էներգետիկ անվտանգության ապահովմանը, զանգվածային ոչնչացման զենքի տարածումը կանխելուն:

Էրդողանն ընդգծել է, որ իրենք ցանկանում են ուժեղացնել ԱՄՆ-ի հետ համագործակցությունը, ինչը մասնավորապես առնչվում է Սիրիայի ու Իրաքի վերջին զարգացումներին: Էրդողանը հավելել է, որ նույնը վերաբերվում է Կիպրոսի, Ուկրաինայի, Կովկասի, Աֆղանստանի օրակարգային խնդիրներին:

Բայդենն իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Թուրքիան արդեն 60 տարուց ավելին է, ինչ դաշնակիցներ են: Նրա խոսքերով` իրենք շարունակում են ուժեղացնել ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև ռազմավարական գործընկերությունը: Բայդենն ընդգծել է, որ ԱՄՆ-ն ունի Թուրքիայի կարիքը, իսկ Թուրքիան էլ ունի ԱՄՆ-ի կարիքը:

Տեսանյութեր

Լրահոս