Չեմ կարծում, որ միջազգային իրավունքը երկրորդական, տասներորդական դեր ունի. Պարույր Հայրիկյանը՝ խոցված ուղղաթիռի վերադարձման մասին

«Իհարկե, կարող էին նաև շուտ անել, բայց ուրախ եմ, որ վերջապես արեցին»,- 168.am-ի հետ զրույցում` խոսելով ԼՂՀ զինված ուժերի՝ ադրբեջանցիների կողմից խոցված ուղղաթիռի վերադարձման մասին՝ նման տեսակետ հայտնեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Հիշեցնենք, որ այսօր ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրն անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրներ լուծելու հատուկ նշանակության գործողության: Մարտական խնդրի կատարման արդյունքում՝ դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր:

ԱԻՄ առաջնորդը նկատեց, որ որևէ մեկին մեղադրելը հեշտ է, բայց ինքը չի ուզում մեղադրել ԵԱՀԿ-ին՝ դանդաղ աշխատելու համար, Մինսկի խմբին, ՀՀ իշխանություններին.

«Չնայած, առաջին հերթին, եթե բան ունես ասելու՝ լավ կամ վատ, դու պետք է քո խոսքն ուղղես քո իշխանություններին: Թեկուզ արձագանքների մասով, եթե ես լինեի իրավիճակի տերը, երբ ասում էին՝ «կողմերին կոչ ենք անում…», կասեի՝ այս ի՞նչ մոտեցում է: Կոչ արեք, բայց կոնկրետ այս դեպքում խփել են, ապացույց չկա, որ մերոնք կրակել են, զինադադարը մերոնք խախտել են: Զինավարժությունը մենք էլ ենք անում, իրենք էլ են անում, դա պատճառ չէ, որ խփեն: Նախագահը պետք է կոպիտ արձագանքեր, որ՝ «լսեք, դուք վերջապես ինչո՞վ եք զբաղված»»:

Մեր դիտարկմանը՝ ստացվում է՝ զինադադարի մասին ստորագրված միջազգային փաստաթղթերն այդպես էլ մնում են թղթի վրա նման դեպքերում, Պ. Հայրիկյանն ասաց, որ այնքան էլ համամիտ չէ այդ մտքի հետ:

Դիտարկմանն էլ, թե՝ այս դեպքում փաստացի ԼՂՀ բանակը հատուկ նշանակության ռազմական գործողության միջոցով է կարողացել վերադարձնել անձնակազմին, և ոչ մի միջազգային միջամտություն չի եղել, Պ. Հայրիկյանը պատասխանեց, որ իր տեղեկատվությունը՝ դեպքի հետ կապված, ամբողջական չէ, չնայած նշեց, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո բոլոր, նույնիսկ՝ ռազմական գործողություններն ուղեկցվել են, կամ նախապատրաստվել են, կամ դրանից հետո արդարացվել են միջազգային իրավունքի հիման վրա. «Այնպես որ՝ չեմ կարծում, որ միջազգային իրավունքը երկրորդական, տասներորդական դեր ունի»:

Տեսանյութեր

Լրահոս