Հնչելո՞ւ են արդյոք քաղաքական պահանջներ եռյակի՝ դեկտեմբերի 10-ի հավաքին

Այսօր ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց դեկտեմբերի 10-ին կայանալիք եռյակի հավաքի մասին՝ նշելով, որ դեռևս չի կարողացել ճշտել՝ դա լինելու է միայն ե՞րթ, թե՞ երթից առաջ նաև հանրահավաք է լինելու:

Հիշեցնենք, որ եռյակը որոշել էր դեկտեմբերի 10-ին հավաք հրավիրել Ազատության հրապարակում՝ նվիրված մարդու իրավունքների միջազգային օրվան:

Լ.Սարգսյանը նկատեց, որ ՀԱԿ դաշինքը դեռևս 2008 թվականից ի վեր ամեն տարի դեկտեմբերի 10-ին մեծ երթ է անցկացնում. «Ես չեմ բացառում, որ այդ երթի սկիզբը կլինի նաև հանրահավաքային, բայց մանրամասների մեջ շատ չեմ խորացել, որովհետև, ըստ իս՝ դա երթ պետք է լիներ»:

Նա տեղեկացրեց նաև, որ դեկտեմբերի 10-ի երթին ինքը պարտադիր մասնակցելու է:

Հարցին՝ հանրահավաքներ չլինելու պատճառով ժողովուրդը, այնուամենայնիվ, չի՞ հիասթափվի եռյակից, Լ, Սարգսյանն այսպես պատասխանեց.

«Դուք նույնն ասում էիք 2011 թվականից հետո, 2009 թվականից հետո: Ժողովուրդն այլընտրանք չունի: Այո, գուցե, եթե մի փոքր ուշացնենք, ժողովուրդն ինչ-որ չափով էլի կարող է տրամադրությունների մեջ փոփոխություն մտցնել, բայց դա չի նշանակում, որ նա չի գալու և նորից չի կանգնելու, որովհետև կյանքը, ապրելաձևը, սոցիալական վիճակը նրան բերում է այնտեղ, որովհետև նա ստիպված է պայքարել: Եվ այն քաղաքական ուժերը, որոնք այսօր առաջնորդում են ժողովրդին, նրանց այլընտրանք այսօր չկա»:

Հարցին էլ՝ այդ օրը եռյակի լիդերները կլինե՞ն Ազատության հրապարակում, և, այնուամենայնիվ, այդ օրը քաղաքական որևէ պահանջ կհնչի՞, ՀԱԿ խմբակցության պատգամավորն այսպես պատասխանեց.

«Ես կարծում եմ՝ եռյակի լիդերները կլինեն, քաղաքական պահանջի մասով՝ կարծում եմ՝ դեռ հստակություն չկա, ինչ-որ ձևակերպումներ կլինեն, և կներկայացվի եռյակի կողմից»:

Տեսանյութեր

Լրահոս