«Հայաստան» շարժումը կպայքարի «խոզագայլերի» դեմ` իշխանությունը ժողովրդին վերադարձնելու համար

Երեկ «Թեքեյան» կենտրոնում տեղի էր ունեցել «Հայաստան» ժողովրդական շարժման հիմնադիր ժողովը, որի մասնակիցները հայտարարել էին Հայաստանը «միջազգային կառավարիչներից» փրկելու իրենց նպատակի մասին:
Նախաձեռնության հեղինակներից մեկը` «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը, այսօրվա ասուլիսում մանրամասնեց, թե հանուն ինչի և ում դեմ է պայքարելու «Հայաստան» շարժումը:

«Երեկ ներկայացվեց «Հայաստան» ժողովրդական շարժման պլատֆորմը, որի հիմնական խորհուրդը ժողովրդի իշխանությունն է: Պլատֆորմը վկայում է մի բանի մասին` Հայաստանն ամբողջությամբ գտնվում է արտաքին կառավարման տակ. մենք չունենք մեր կառավարությունը, մենք ունենք արտաքին ուժերի գործիք, մենք չունենք քաղաքական կուսակցություններ, չունենք մամուլ, բանկային համակարգ, դրանք արտաքին թելադրանքի գործիքներ են, որոնց գործողություններն այնպիսին են, որ Հայաստանը ոչնչացվում է, ժողովուրդը դեպորտացվում է երկրից»,- ասաց նա:

Նա համաձայն է մեր այն եզրահանգման հետ, որ իրենց նախաձեռնությունն, ըստ էության, Հայաստանի ինքնիշխանության հարցն է դնում, սակայն անվանական չնշեց որևէ գերտերություն, որի տիրապետությունից պետք է ազատվենք: Ըստ նրա` պետք է ազատվել այն համակարգից, որը պետություններից վեր է:

Այդուհանդերձ, Մանուչարյանի խոսքում կարմիր գծի պես ուրվագծվում էր իր կողմից մշտապես հնչեցվող հակաամերիկյան և հակաարևմտական թեզը` արևմտյան արատավոր քաղաքակրթության և համասեռամոլների մասին: Ի դեպ, Աշոտ Մանուչարյանը վերջին շրջանում անընդհատ ընդգծում է, որ հենց այդ համակարգի դեմ է վերջերս ընդվզել պուտինյան Ռուսաստանը, որը ինքն էլ գտնվում է դրա ազդեցության տակ:

«Այդ կարգը հիմված է մի բանի վրա, որ փոքր քանակով մարդիկ պետք է մեծ հարստություն կուտակեն և կարողանան անսահման իշխանություն ունենալ` թելադրելով ժողովուրդներին իրենց կարգը: Այդ համակարգն արդեն տոտալ է դարձել, նա ազդում է բոլոր ուղղություններով` իր ձեռքին գործիք դարձնելով նաև պետություններին: Առաջնահերթ գործիքը Միացյալ Նահանգներն են, երկրորդ առաջնահերթը` Իսրայելը և երկրորդ կարգի գործիքը` Եվրամիությունը: Այդ համակարգը պետություններից վեր է: ԱՄՆ-ը վարում է մի քաղաքականություն, որը, իմ կարծիքով, չի բխում ԱՄՆ-ի ժողովրդի ազգային շահերից: Համաշխարհային ճգնաժամ է: Այդ ճգնաժամից ելքը կարող էր գտնվել Ռուսաստան-Եվրոպա դաշինքից:

ԱՄՆ-ը ամեն ինչ արեց, որ քայքայի, թույլ չտա այդ դաշինքը: Եվ համաշխարհային կառավարման առաջատար է դառնալու Չինաստանը. այդպիսին է զարգացումների տրամաբանությունը: Ես համոզված եմ, որ դա չէր բխում ԱՄՆ-ի ազգային շահերից, բխում էր, որ եթե ինքը չի, ապա լինեն Եվրոպան ու Ռուսաստանը, որովհետև դա ավելի մոտ համակարգ է: Բայց հիմա նա տանում է քաղաքականություն, որը ոչ թե ինքն է որոշում, այլ այն անձինք, ովքեր խոշորագույն ունեցվածք են կուտակել և ի վիճակի են ազդել նաև ԱՄՆ-ի կառավարության որոշումների վրա: Այդ տեսակետից ես չեմ կարող ասել երկրների անուններ, բայց ասացի` որոնք են առաջնակարգ երկրները: Ինչ վերաբերում է այն երկրներին, որոնցից սովորաբար ուզում ենք ազատվել, մասնավորապես` Ռուսաստանին, ես բազմիցս նշել եմ` Ռուսաստանը նույն վիճակում է, ինչ Հայաստանը, պարզապես Ռուսաստանը վերջերս փորձում է ապստամբել այդ իրավիճակի դեմ, ձեռք բերել ինքնուրույնություն»,- նշեց Մանուչարյանը:

Ըստ նրա` այդ համակարգի հիմքում ընկած է մի էակ, որը նա անվանեց «խոզագայլ», որովհետև այն խոզի պես անկուշտ է և գայլի պես գիշատիչ:

Աշոտ Մանուչարյանն ավելացրեց` գործող աշխարհակարգն այսպիսին է դարձրել բոլոր երկրների, այդ թվում Հայաստանի կառավարող շրջանակներին, և դրա դեմ պայքարելն է Հայաստանի միակ ելքը:

 

Տեսանյութեր

Լրահոս