Իսրայելի հատուկ ծառայությունները կանխել են արտգործնախարար Լիբերմանի հանդեպ մահափորձը
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի անվտանգության ծառայությունը զեկուցել է Հորդանան գետի Արևմտյան ափին պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման մի քանի անդամի ձերբակալելու մասին, որոնք մահափորձ էին պլանավորել Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանի դեմ:
Ընդգծվում է, որ երեք կասկածյալները տվյալներ են հավաքել Արևմտյան ափին նախարարական շարասյան տեղաշարժերի մասին: Իսրայելի հատուկ ծառայությունները կարծում են, որ իրենց պլանի իրագործման համար նրանք մտադիր են եղել գնել նռնականետ: Չի հաղորդվել, թե երբ է բացահայտվել ՀԱՄԱՍ-ի մասնաճյուղը:
Նոյեմբերի 18-ին Իսրայելում գրանցվել էր հնչեղ ահաբեկչություն: Դանակներով ու ատրճանակներով զինված երկու պաղեստինցի Երուսաղեմի արևմուտքում մուտք էին գործել սինագոգ ու սպանել 5 մարդու: Եվս 7 մարդ գտնվում է հիվանդանոցում: Նրանք ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: