Ռուսաստանը 50 տոկոսով նվազեցրել է գազի մատակարարման ծավալը. Թաներ Յըլդըզ

Mk-turkey-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ ռուսական գազի մատակարարումները նվազել են 50 տոկոսով. «Հաջորդ շաբաթ Մոսկվայում կայանալիք հանդիպումների օրակարգային հիմնական թեման լինելու է գազի մատակարարման նվազեցումը:

Մենք պետք է մեր ռուս գործընկերներին հայտնենք, որ մտահոգված ենք գազի օրական մատակարարման ծավալը 42 միլիոն խորանարդ մետրից մինչև 27-28 միլիոն խորանարդ մետրի նվազեցնելու կապակցությամբ՝ հաշվի առնելով, որ թուրք սպառողների մոտ աճում է պահանջարկը:

Մատակարարումները պետք է վերականգնվեն պայմանագրերում նշված մակարդակի չափ: Մենք չենք ցանկանում, որ Թուրքիան կիսի եվրոպական մի շարք երկրների ճակատագիրը, որոնք տուժում են ուկրաինական ճգնաժամի հետևանքով: Մենք չենք ցանկանում լինել այդ խնդրի մի մասը: Թուրքիան այն երկիրն է, որը ժամանակին վճարում է բնական գազի համար»:

Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները (նախագահ Ռեջեփ Էրդողան, վարչապետ Ահմեթ Դավութօղլու) վերջին շրջանում սկսել են հաճախակի խոսել Ռուսաստանի աջակցությունը վայելող Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի տապալման անհրաժեշտության մասին, և փորձում են ԱՄՆ-ին համոզել են գնալ այդ քայլին:

Բացի այդ, Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն մոտ 10 օր առաջ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպման ժամանակ աջակցություն հայտնեց Ուկրաինայի իշխանություններին՝ ընդգծելով, որ Թուրքիան երբեք չի ճանաչի Ղրիմի անցումը Ռուսաստանին:

Թուրքիան ակտիվորեն հանդես է գալիս «Անդրկասպյան» գազատարի կառուցման օգտին, որը թուրքմենական գազը Կասպից ծովի հատակով կհասցնի Ադրբեջան, որտեղից էլ այն Վրաստանի ու Թուրքիայի տարածքով կհասցվի ԵՄ: Ռուսաստանը դեմ է իր տարածքը շրջանցող այդ նախագծի իրագործմանը:

Տեսանյութեր

Լրահոս