Մինսկը ցանկանում է դառնալ ԵՏՄ-ի ու ԵՄ-ի շահերի միավորման հարթակ. Գուրյանով
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գուրյանովը երեկ հայտարարել է, որ Մինսկը պատրաստ է հանդես գալ ոչ միայն քաղաքական բանակցությունների անցկացման, այլև՝ ԵՏՄ-ի ու ԵՄ-ի տնտեսական շահերի միավորման հարթակ:
Սեպտեմբերի 5-ին Մինսկում ԵԱՀԿ-ի ու Ռուսաստանի միջնորդությամբ Ուկրաինայի իշխանություններն ու Դոնբասի ներկայացուցիչները համաձայնության եկան հրադադարի շուրջ: Սեպտեմբերի 19-ին էլ Բելառուսի մայրաքաղաքում համաձայնեցվել էր հրադադարի դետալներն ամրագրող հուշագիրը:
Գուրյանովը հայտարարել է. «Բելառուսը կողմ է այն գաղափարին, որ դառնա ոչ միայան քաղաքական տարաձայնությունների հարթման վայր, այլև՝ հանդես գա որպես ինտեգրացիոն երկու միավորումների (ԵՏՄ ու ԵՄ) տնտեսական շահերի միավորման հարթակ»:
Գուրյանովը հույս է հայտնել, որ եվրոպացի գործընկերները կարձագանքեն այդ առաջարկին: Գուրյանովն ընդգծել է, որ այդպիսի ցանկություն ունեն Բելառուսը, Ռուսաստանն ու Ղազախստանը, իսկ այժմ՝ նաև Հայաստանը: