Ռուսաստանն Ուկրաինային առաջարկում է երկրորդ Աբխազիա. Յացենյուկ
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ Ուկրաինան բանակցություններ չի վարի ռուսաստանցի վարձկանների ու ահաբեկիչների հետ:
Յացենյուկը նման կերպ է մեկնաբանել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությունը, թե «Ժնևյան ձևաչափի» ժամանակն անցել է, և որ Ուկրաինան պետք է բանակցություններ վարի ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի հետ:
Յացենյուկը Ռուսաստանին կոչ է արել կատարել Մինսկյան համաձայնագրերը: Յացենյուկի խոսքերով՝ Ուկրաինայի ղեկավարության ընդհանուր դիրքորոշումն այն է, որ բանակցություններ վարելու ամենալավ ու ամենաարդյունավետ ձևաչափը Ժնևյան ձևաչափն է.
«Ռուսաստանը բոլոր ուժերով ու միջոցներով փորձում է հրաժարվել այդ ձևաչափից, և նա մեզ առաջարկում է Ուկրաինայի տարածքում երկրորդ Աբխազիա: Մենք ուղիղ բանակցություններ չենք վարելու ռուս ահաբեկիչների հետ: Եթե ցանկանում եք խաղաղություն, ապա կատարեք Մինսկյան պայմանավորվածությունների բոլոր 12 կետերը»: