Իշխող կուսակցությունը լքած Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարարը նոր կուսակցություն է ստեղծել
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարար Իդրիս Նաիմ Շահինը, ով նախորդ տարվա դեկտեմբերին կոռուպցիոն սկանդալից հետո լքել է իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) շարքերը, ստեղծում է քաղաքական նոր կուսակցություն:
Նոր կուսակցությունը ստացել է «Արժեքների շարժում» անվանումը: Կուսակցության ստեղծման մասին պաշտոնապես կհայտարարվի այսօր: Ներկայումս Թուրքիայում հաշվվում է 75 քաղաքական կուսակցություն, որոնցից միայն 4-ն են ներկայացված երկրի խորհրդարանում:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, մեկնաբանելով Իդրիս Նաիմ Շահինի հրաժարականը, հայտարարել էր, որ իշխող կուսակցությունը ձերբազատվել է սադրիչներից:
Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, թե Էրդողանի նախկին կուսակից Իդրիս Բալը խորհրդարանական ընտրություններից առաջ նոր կուսակցություն է ստեղծում: