Ադրբեջանը 27 տոկոսով մեծացնում է ռազմական ծախսերը
Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը խորհրդարանում ելույթ է ունեցել հաջորդ տարվա պետբյուջեի նախագծի շուրջ: Նա հայտարարել է, որ մինչև 60 դոլարի նավթի գնանկումը խնդիր չի առաջացնի 2015 թվականի պետբյուջեի համար:
2015 թվականի Ադրբեջանի պետբյուջեի նախագիծը հենված է մեկ բարել նավթի համար 90 դոլար գնի վրա: Նախարարն ընդգծել է, որ դա համաշխարհային շուկաներում նավթի ներկայիս միջին գնից 12 դոլարով ավելին է, և որ վերջին 3 ամսում նավթի 20 տոկոսանոց գնանկումը խնդիրներ չի առաջացնի 2015 թվականի պետբյուջեի համար:
Շարիֆովը հայտարարել է, որ ազգային անվտանգության ապահովման, բանակային կարիքների, զինծառայողների սոցիալական պաշտպանության համար նախատեսված է 3 միլիարդ և 783 միլիոն մանաթ (մեկ մանաթը մոտավորապես հավասար է մեկ եվրոյի), ինչը 27 տոկոսով ավելին է՝ համեմատած 2014 թվականի հետ: