Բաժիններ՝

Ուկրաինան պատրաստվում է ռուսական գազի համար կանխավճար տրամադրել մինչև դեկտեմբերի 1-ը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինան պատրաստվում է ռուսական գազի համար կանխավճար մուծել մինչև դեկտեմբերի 1-ը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի ու ածխային արդյունաբերության նախարար Յուրի Պռոդանը.

«Գնումը կսկսվի ցրտերի ընկնելու հետ մեկտեղ: Հնարավոր է՝ սկսենք մինչև դեկտեմբերի 1-ը: Իրավիճակը դեռ ճգնաժամային չէ: Մենք պահպանում ենք մինչև տարեվերջ 1.5 միլիարդ խորանարդ մետր գազ գնելու պլանը: Երկրի ստորգետնյա գազապաստարաններում ներկայումս կուտակված է 15.2 միլիարդ խորանարդ մետր գազ»:

Ուկրաինան, Ռուսաստանն ու Եվրահանձնաժողովը հոկտեմբերի 31-ին Բրյուսելում ընդունել են ձմեռային գազային պլանը, որը նախատեսում է Ուկրաինային ռուսական գազի մատակարարումների վերսկսում: Մինչև ընթացիկ տարեվերջ Ուկրաինան պետք է մարի 3.1 միլիարդ դոլարի հասնող իր պարտքը և կանխավճարի պայմաններով գազի հավելյալ ծավալ գնի «Գազպրոմից»:

Պայմանավորվածության համաձայն, Մոսկվան 2014 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2015 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածի համար Կիևի համար անելու է 100 դոլարի գազային զեղչ՝ հիմք ընդունելով 2009 թվականին «Գազպրոմի» ու «Նավթոգազի» միջև պայմանագրի բանաձևով ձևավորվող գազի գինը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս