Կասպշիկի հետ հանդիպմանը Բակո Սահակյանն Ադրբեջանի գործողություններն անվանել է ստոր և ապակառուցողական
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 16-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին, հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:
Անդրադառնալով վերջերս ուսումնավարժական թռիչք իրականացնող Պաշտպանության բանակի ուղղաթիռը խոցելու միջադեպին` Բակո Սահակյանն Ադրբեջանի գործողություններն անվանել է ստոր և ապակառուցողական: Երկրի ղեկավարը նշել է, որ Ադրբեջանի նման պահվածքը վտանգում է կայունության ու խաղաղության պահպանումը տարածաշրջանում և խոչընդոտում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերը:
Բակո Սահակյանը կարևորել է միջազգային հանրության խիստ և հասցեագրված գնահատականի անհրաժեշտությունը` միաժամանակ նշելով, որ Ադրբեջանի նման սադրիչ գործողություններն չեն մնալու անպատասխան: