Բաժիններ՝

Սաակաշվիլին Կիևից տեսակապով դիմել է Թբլիսիում բողոքի ակցիայի դուրս եկած իր համակիրներին (տեսանյութ)

Lenta.ru-ի փոխանցմամբ` Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու հիմնած Միասնական ազգայնական շարժում կուսակցության ներկայացուցիչները երեկ բողոքի ակցիա են անցկացրել Թբիլիսիի կենտրոնում: Ակցիայի մասնակիցները բողոքել են Աբխազիայի բռնազավթման դեմ ու քննադատել են Վրաստանի ղեկավարությանը:

Ոստիկանության տվյալներով` խորհրդարանի առջև գտնվող հրապարակում անցկացված հանրահավաքին մասնակցել է 3000-5000 մարդ: Այլ տվյալներով` ակցիային մասնակցել է մի քանի տասնյակ հազար մարդ: Նրանք Թբիլիսի են եկել հանրապետության տարբեր շրջաններից, իրենց հետ ունեցել են Վրաստանի, ԵՄ-ի, ինչպես նաև ԱՄՆ-ի ու Ուկրաինայի դրոշներ:

Սաակաշվիլին ցուցարարներին տեսակապի միջոցով դիմել է Կիևից. «Մենք պետք է Վրաստանի կառավարությանը ցույց տանք, որ ժողովուրդը միասնական ու անհողդողդ: Հատկապես երբ մեզ սպառնում է մեծ վտանգ ու երբ գործը վերաբերվում է մեր ազատությանը, ապագային, անկախությանն ու ամբողջականությանը»:

Սաակաշվիլին նաև քննադատել է իշխող «Վրացական երազանք» դաշինքի հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլուն. «Մեր առջև կանգնած է զարգացման երկու մոդել: Դրանցից մեկին մենք հավատում ենք և այն իրագործվելու է, իսկ երկրորդն այն մոդելն է, որի մասին երազում է Իվանիշվիլին: Մի կողմից գոյություն ունի արժանապատիվ Վրաստանը, իսկ մյուս կողմից` կորսված հպարտությունը»:

Սաակաշվիլու կողմնակիցների բողոքի ակցիան ավարտվել է Վրաստանի ու ԵՄ-ի օրհներգները կատարելով: Միջոցառման կազմակերպիչները նախազգուշացրել են, որ բողոքի ակցիաները կշարունակվեն` պահանջելով, որ «Վրացական երազանք» դաշինքը հեռանա իշխանությունից: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս