«Պետք է հաղթահարել արյունակցական կապերի վրա կառուցված իշխանության առաջացումը». Լևոն Շիրինյան

«Հանրապետական կուսակցությունն ինչ իշխանության է եկել, ինչ-որ ռեֆորմների, բարեփոխումների մասին է խոսում, բայց ժողովուրդը շարունակում է արտագաղթել: Ուրեմն` դրանք չկան, անգո են»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Նրա խոսքով՝ մեր խնդիրը պետք է լինի մեր երկիրը մեր ուզած ձևով վերակառուցելը՝ մեր մշակույթի վրա, մեր քաղաքական ավանդույթների վրա, մեր քաղաքական մտքի դարավոր պատմության շրջանակում և եվրոպական չափանիշներով.

«Մենք ոչ թե Եվրոպա գնացող ժողովուրդ ենք, այլ մենք եվրոպաստեղծ ժողովուրդ ենք: Մենք Աստվածաշունչն առաջինը թարգմանողներից ենք, այսինքն՝ մենք Հունաստանի, Հռոմի հետ ենք եղել էն գլխից, էլ բա Եվրոպա գնալը ո՞րն է: Եթե ես լինեի նախագահ, 100 տոկոսով հետևյալը կանեի. նոր խորհրդարանական ու նախագահական ընտրություններ են առջևում, այդ ընտրությունները պետք է վերածել դաստիարակված, կրթված, մակարդակ ունեցող և հայրենասեր երիտասարդության մուտք դեպի քաղաքական ոլորտ: Հետո էլ՝ էկրանին ամեն օր հայտնվող այս դեմքերին բոլորին թոշակի կուղարկեի, որոնցից ժողովուրդն արդեն վաղուց ձանձրացել է»:

Ըստ քաղաքագետի՝ մենք քրիստոնեական աշխարհում ինքնուրույն եկեղեցի ունենք, մենք ունենք սեփական արևելյան մշակույթ, և այն ո՛չ ռուսական է, ո՛չ հռոմեական և ո՛չ էլ այլ, այսինքն՝ մեզ մնում է միայն հրեաների նման կարողանալ արժանավորներին առաջ մղել. «Մեր խնդիրը սա պետք է լինի, ոչ թե պայքարել, այնպես անել, որ արժանավորը հանկարծ իր տեղը չգտնի, ինչպես մեզ մոտ է այժմ արվում: Դրա համար անհրաժեշտ է հաղթահարել նեպոտիզմը՝ արյունակցական կապերի վրա կառուցված իշխանության առաջացումը, որը հատուկ է միայն նախնադարյան ժամանակաշրջանին և այսօրվա չզարգացած աֆրիկյան երկրներին: Այսինքն՝ մենք հիմա պետք է վերադառնանք մեր արմատներին՝ պետականության իմաստով»:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս