Նավթի համաշխարհային առևտրի 63 տոկոսն իրականացվում է ծովային ճանապարհով

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նավթի համաշխարհային առևտրի 63 տոկոսն իրականացվում է ծովային ճանապարհով: Այս մասին նշված է ԱՄՆ էներգետիկայի նախարարության կազմած զեկույցում:

Դրա համաձայն՝ նախորդ տարի նավթի օրական արդյունահանումը կազմել է 90 միլիոն բարել: Արդյունահանված նավթի 63 տոկոսն էլ (օրական մոտ 57 միլիոն բարել) փոխադրվել է ծովային ճանապարհով, ինչը կազմել է ծովային ճանապարհով փոխադրումների 30 տոկոսը:

Զեկույցում ընդգծվում է, որ նավթի համաշխարհային վաճառքի հարցում մեծ կարևորություն ունեն նեղուցները: Մասնավորապես, ծովային առևտրի համար ռազմավարական նշանակություն ունեն Հորմուզի ու Մալաքքայի նեղուցները:

Ծովային ճանապարհով նավթի վաճառքի 30 տոկոսն իրականացվել է Հորմուզի նեղուցով, իսկ 8 տոկոսը՝ Բասրայի ծովածոցով: Մալաքքայի նեղուցն իր հերթին կարևոր տեղ է զբաղեցնում Ասիայում ծովային առևտրի ժամանակ՝ գտնվելով Հնդկական ու Խաղաղ օվկիանոսների միջև:

Զեկույցում նշված է, որ ծովային ճանապարհով նավթի վաճառքի հարցում կարևոր դեր ունեն նաև Սևծովյան նեղուցները, որոնցով փոխադրվում է Կասպյան տարածաշրջանի նավթը: Նախորդ տարի Սևծովյան նեղուցներով անցել է 48.000 նավ, օրական փոխադրվել է 2.9 միլիոն բարել նավթ:

Տեսանյութեր

Լրահոս