Մերձդնեստրում ցանկանում են հանրաքվե անցկացնել. Ռուսաստանը պատրաստ է աջակցել
Ռուսական Дождь հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ինքնահռչակ Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության նախագահ Եվգենի Շևչուկը երեկ հայտարարել է, որ Մերձդնեստրի ու Մոլդովայի միջև հարաբերությունները կարգավորելու լավագույն եղանակը իր ենթակայության տակ գտնվող տարածքում միջազգային հովանու ներքո ինքնորոշման մասին հանրաքվե անցկացնելն է.
«Եթե բանակցային ձևաչափի բոլոր մասնակիցները ցանկանում են պայմանականորեն ասած ի հայտ բերել Մերձդնեստրի բնակիչների կամքը և հետո ճանաչել այն, ապա մենք պատրաստ ենք դիտարկել հանրաքվե անցկացնելու հնարավորությունը՝ պայմանով, որ հետագայում կճանաչեն ու հարգանքով կմոտենան Մերձդնեստրի ժողովրդի կամքին»:
Նույն օրը Շևչուկի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հաստատել է, որ Ռուսաստանն ուկրաինական ճգնաժամի պայմաններում աջակցում է Մերձդնեստրին ու նրա բնակչությանը. «Ռուսաստանը՝ որպես պետական երաշխավոր, միջնորդ շարունակում է Մերձդնեստրին աջակցելու անփոփոխ կուրսը»:
Ռուսաստանն ու Մերձդնեստրը երեկ Ռոգոզինի ու Շևչուկի մասնակցությամբ ստորագրել են համագործակցության մասին փաստաթղթերի մեծ փաթեթ: