Հայաստանի ու Ռուսաստանի պաշտպանության նախարարությունները հաստատել են 2015 թվականին համագործակցելու պլանը
![](https://168.am/wp-content/uploads/2014/11/70804_src.jpg)
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն Մոսկվայում հանդիպել է իր հայ գործընկեր Սերգեյ Օհանյանի հետ:
Նախարարները պայմանավորվել են, որ Հայաստանում ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայողներն ու ռազմական տեխնիկան մասնակցելու են Երևանում կայանալիք զորահանդեսին, որը նվիրված է լինելու Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին:
Բացի այդ, հաստատվել է Հայաստանի ու Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների միջև 2015 թվականի համագործակցության պլանը: Հանդիպման ժամանակ քննարկվել են միջազգային անվտանգությանն առնչվող այժմեական հարցեր, հստակեցվել են երկու երկրների ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության առաջնահերթությունները, զինված ուժերի միջև ինտեգրման գործընթացների հետագա զարգացման հեռանկարները: