Բաժիններ՝

Բիձինա Իվանիշվիլին քննադատել է Վրաստանի նախագահին ու վարչապետին

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին քննադատել է երկրի առաջին դեմքերին: Իվանիշվիլին վարչապետ Իրակլի Գարիբաշվիլուն քննադատել է անզսպության համար, իսկ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլուն՝ անպատասխանատու հայտարարությունների համար.

«Վարչապետը լավն է, նա շատ բան է անում, սակայն նա չունի փորձ և ցուցաբերել է իր քաղաքական տհասությունը, երբ արտահայտվել է Ալասանիայի մասին (Գարիբաշվիլին Ալասանիային անվանել էր արկածախնդիր, հիմար ու դավաճան): Նա (Գարիբաշվիլի) ցուցաբերել է անզսպություն ու մոռացել է, որ անընդունելի է իր նախկին ընկերների մասին այդպես խոսելը»:

Խոսելով նախագահի մասին՝ Իվանիշվիլին անպատասխանատու է համարել երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ նրա վերջին հայտարարությունները. «Վրաստանի նախագահական ինստիտուտին առաջին հերթին վնասում է հենց ինքը՝ նախագահը, ով հանդես է գալիս անպատասխանատու հայտարարություններով, հատկապես երբ հայտարարում է, որ երկիրը ղեկավարվում է կուլիսների հետևից և դրանով իսկ կրկնում է «Միասնական ազգային շարժման» (ՄԱՇ) խոսքերը:

Դա վիրավորական է թե՛ ինձ, թե՛ կաառավարության համար: Եթե ես ցանկանայի մնալ քաղաքականության մեջ, ապա կմնայի»: Իվանիշվիլին ընդգծել է, որ չի հավատում, թե նախագահը վարում է ՄԱՇ-ի քաղաքականությունը, սակայն նա նրանց հետ բարեկամություն է անում՝ ընդդեմ կառավարության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս