Լեգիտիմ կլինի՞ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն քաղաքական և հասարակական կոնսենսուսի բացակայության դեպքում

Որքանո՞վ լեգիտիմ կլինի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն քաղաքական և հասարակական կոնսենսուսի բացակայության պարագայում՝ հաշվի առնելով, որ Վենետիկի հանձնաժողովը կարևորել է դա: Պատասխանելով 168.am-ի այս հարցին Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը ասել է.

«Համընդհանուր միջազգային չափանիշ է դիտարկվում այն, երբ հանրաքվեի դրված նախագիծը, այդ թվում՝ երկրի Հիմնական օրենքում փոփոխությունների նախագիծը համարվում է ընդունված, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ քառորդը: Սակայն նույնիսկ այդ պարագայում, հաշվի առնելով բարեփոխումների որոշ հիմնադրույթների քաղաքական ընդգծված ուղղվածությունը, հատկապես կառավարման խորհրդարանական ձևի առնչությամբ, մասնագիտական հանձնաժողովը հանգել է այն եզրակացության, որ կոնկրետ այդ խնդրին վերաբերող հիմնադրույթը կարող է կյանքի կոչվել բացառապես քաղաքական փոխհամաձայնության պարագայում, ինչն էլ, ինչպես Դուք նկատեցիք, հավանության է արժանացել նաև Վենետիկի հանձնաժողովի կողմից»:

Իսկ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը նշել է, որ քաղաքական և հասարակական կոնսենսուսի բացակայության պարագայում սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի ընդունումը կլինի ոչ լեգիտիմ: Խոսելով հանրաքվեի միջոցով Սահմանադրության ընդունման նկատմամբ հասարակության վստահության մասին, նա հիշեցրել է Հայաստանում նախկին երկու Սահմանադրությունների ընդունման փորձը.

«Հիշենք երկու սահամանադրական հանրաքվեները` 1995 և 2005 թվականների: Երկու հանրաքվեներն էլ անցել են ամենաբիրտ և կոպիտ խախտումներով: Առաջին անգամ դա եղել է իշխող ուժի կամքը` այդպիսի Սահմանադրություն փաթաթել ժողովրդի վզին: Երկրորդը եղել է, ինչ-որ իմաստով, հարկադրված հանրաքվե՝ կապված Եվրոպայի խորհրդի պահանջների հետ, սակայն նույնպես չի եղել վստահություն ընդդիմության և հասարակության կողմից իշխանության նկատմամբ, և այդ Սահմանադրության փոփոխությունները նույնպես եղել են կեղծիքներով: Այս տեսակետից, բնականաբար, վստահություն` հանրաքվեների հետ կապված, Հայաստանում հասարակության և քաղաքական ուժերի մեջ չկա»:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա տպագիր համարում:

Տեսանյութեր

Լրահոս