Ադրբեջանի իշխանությունները վախենում են իրենց քաղաքացիներից. Freedom House
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հանդես է եկել հատուկ հայտարարությամբ՝ կապված ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսի փաստաբանին դատական գործընթացից հեռացնելու հետ:
Կազմակերպության ղեկավար Դևիդ Կրամերը հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունները, իրավապաշտպաններին մեղադրելով պետական լուրջ հանցանքներում, ի ցույց են դնում օրենքի գերակայության հանդեպ լիակատար անարգանք ու ձգտում են ահաբեկել անկախ քաղաքացիական հասարակությանը.
«Լեյլա Յունուսի ու մյուս իրավապաշտպանների դեմ առաջ քաշելով ծանր ու անհիմն մեղադրանքներ, նրանց դատապարտելով տևական ժամկետով ազատազրկման՝ Ադրբեջանը պարզապես ծաղրում է իր իրավական համակարգը: Յունուսին զրկելով փաստաբանի օգնությամբ պաշտպանվելու հնարավորությունից՝ իշխանությունները նաև ցույց են տալիս, որ նրանք վախենում են սեփական քաղաքացիներից»:
Կրամերն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել Լեյլա Յունուսի ու մյուս իրավապաշտպանների վրայից հանել բոլոր մեղադրանքներն ու վերականգնել նրանց իրավունքները: