Թուրքիան սպառնում է սառեցնել ԵՄ-ի մաքսային միությանն իր անդամակցությունը

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով պետնախարար ու ԵՄ-ին Թուրքիայի լիիրավ անդամակցության գծով գլխավոր բանագնաց Վոլքան Բոզքըրը Նորվեգիայում հայտարարել է, որ Թուրքիան կդադարեցնի ԵՄ-ի մաքսային միությանն իր անդամակցությունը, եթե ԵՄ-ի ու ԱՄՆ-ի միջև Անդրատլանտյան առևտրային-ներդրումային գործընկերության ստորագրման ժամանակ հաշվի չառնվեն իր տնտեսական շահերը:

Բոզքըրը հիշեցրել է, որ 1995 թվականին, երբ Թուրքիան ԵՄ-ի հետ ստորագրեց նրա մաքսային միությանը միանալու մասին պայմանագիրը, նրանում առկա է մի կետ, ըստ որի՝ ԵՄ-ի ու մյուս երկրների միջև համաձայնագրերը չեն տարածվելու Թուրքիայի վրա, ինչը նշանակում է, որ ԵՄ-ի հետ ազատ առևտրի ռեժիմ ստացած երկրները չեն կարող զրոյական մաքսային տոկոսադրույքով իրենց ապրանքներն արտահանել Թուրքիա.

«Եթե ամերիկյան ապրանքներն առանց մաքսատուրքերի մուտք գործեն թուրքական շուկա, ապա Թուրքիան կարող է կորցնել 2.5-3 միլիարդ դոլար: Մենք չենք կարող մաքսային միության առավելությունները շնորհել այն երկրներին, որոնց հետ ԵՄ-ը կստորագրի այդպիսի համաձայնագրեր (ազատ առևտրի ռեժիմի մասին):

Եթե ԵՄ-ի ու ԱՄՆ-ի միջև ստորագրվի Անդրատլանտյան առևտրային-ներդրումային գործընկերության պայմանագիր, ապա Թուրքիան կհայտնվի անպաշտպան վիճակում, և մենք ստիպված կլինենք սառեցնել ԵՄ-ի մաքսային միությանը մեր անդամակցությունը:

Թուրքիան նախկինի համեմատ ներկայումս ավելի շատ ունի ԵՄ-ի կարիքը, ԵՄ-ը նույնպես ներկայումս ավելի շատ ունի Թուրքիայի կարիքը, քան նախկինում էր: Չնայած ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության ձգձգմանը՝ թուրք հասարակության 55 տոկոսն աջակցում է դրան: Նոր Թուրքիան ու Նոր ԵՄ-ն ունեն միմյանց կարիքը»:

Տեսանյութեր

Լրահոս