Սննդամթերքի անվտանգության մասնագետները մի շարք խախտումներ են արձանագրել
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետների կողմից հոկտեմբեր ամսում դիտարկումներ եւ մոնիթորինգ է իրականացվել Ստեփանակերտի եւ Մարտունու շրջանի համայնքների մի շարք վաճառակետերում, արտադրամասերում եւ հանրային սննդի կառույցներում, որտեղ հայտնաբերվել են ժամկետանց մի շարք ապրանքներ։
Ծառայության փոխանցմամբ՝ հայտնաբերված ժամկետանց եւ այլ խախտումներով ապրանքների մի մասը ոչնչացվել, իսկ մյուս մասը` տեսուչների հրահանգով մատակարարների կողմից դուրս է հանվել շուկայից:
Ստեփանակերտի Թումանյան 70 հասցեում տեղակայված «Նադեժդա» ՍՊԸ-ի խանութում սպառողի բողոքի հետքերով կատարվել է դիտարկում, որի ընթացքում հայտնաբերվել է «ABK» ֆիրմայի մեկ փաթեթ ռուլետ` ժամկետի մեջ, սակայն բորբոսնած վիճակում եւ նաեւ ժամկետանց այլ ապրանքատեսակներ։
Տեսուչների կողմից հոկտեմբեր ամսում դիտարկումներ են անցկացվել Ստեփանակերտ քաղաքում տեղակայված թվով 10 հացի արտադրամասերում, ինչպես նաեւ մի շարք հանրային սննդի կետերում. Ն. Ստեփանյան 9ա/1 հասցեում տեղակայված «ԷՍ ԴԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ հանրային սննդի կետի աշխատողներից թվով 2 հոգի չունեին սանիտարական գրքույկներ, ապրանքատեսակների որոշ մասը չունեն ուղեկցող փաստաթուղթ /սերտիֆիկատ/։
Ազատամարտիկների 15 հասցեում տեղակայված «Նանե Միքաելյան» ԱՁ հանրային սննդի կետում խոհարարի սանիտարական գրքույկը ժամկետանց էր, ապրանքատեսակները նույնպես չունեին ուղեկցող փաստաթուղթ, միսը չուներ անասնաբույժի տեղեկանք, որը հակասում է ԼՂՀ Սննդամթերքի անվտանգության մասին օրենքի 9-րդ հոդվածի առաջին կետին։
Հոկտեմբերի 22-24-ն ընկած ժամանակահատվածում եւ հոկտեմբերի 29-ին Մարտունու շրջանի 14 գյուղերի թվով 31 տնտեսվարող սուբեկտներում նույնպես իրականացվել են դիտարկումներ, արձանագրվել առկա թերությունները, մի շարք ժամկետանց ապրանքներ ոչնչացվել, ինչպես նաեւ տարվել են բացատրական աշխատանքներ համապատասխան տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչների հետ: