Սաակաշվիլու նկատմամբ շուտով ներկայացվելու է նոր մեղադրանք. աղբյուր
Российская Газета-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու նկատմամբ ներկայացվելու է նոր մեղադրանք: Վրաստանի Քրեական օրենսգրքի արդեն 3 հոդվածներով մեղադրվող Սաակաշվիլու նկատմամբ շուտով կներկայացնեն նոր մեղադրանք, որն առնչվում է բռնի ուժով սահմանադրական կարգը տապալելու նպատակով դավադրությանը:
Դրա համար նախատեսվում է 5-8 տարվա ազատազրկում: Այս մասին թբիլիսյան թերթերից մեկին հայտնել է իշխանությունների մոտ կանգնած աղբյուրը: Վերջինիս խոսքերով՝ հետաքննությունը մեկնարկել է այս տարվա հունիսին՝ այն բանից հետո, ինչ Սաակաշվիլու «Միասնական ազգային շարժում» կուսակցության պատգամավորներ Զուրաբ Ջափարիձեին ու Իրմա Նադիրաշվիլուն ձերբակալեցին Բաքվի օդանավակայանում՝ կասկածելով չգրանցված ճանապարհով խոշոր չափի գումար (մինչև 1 միլիոն դոլար) Վրաստան մտցնելու փորձի մեջ:
Այն ժամանակ պատգամավորները հերքել էին իրավապահ մարմինների այդ կասկածները, սակայն Ադրբեջանի իրավապահ մարմինները ներկայումս իրենց վրացի գործընկերներին օգնել են հաստատել, թե ում կողմից և ինչ նպատակներով են հատկացվել այդ միջոցները:
Աղբյուրը հայտնել է, որ տվյալ գործով Սաակաշվիլուց ու նրա պատգամավորներից բացի, շոշափվում նաև նույն կուսակցության այլ ներկայացուցիչների անունները՝ Գեորգի Վաշաձե, Դավիթ Սակվարելիձե, Գեորգի Բարամիձե, Գեորգի (Գիվի) Տարգամաձե, Գեորգի Բոկերիա, Լևան Վարշալոմիձե և այլք: