Մեծ Բրիտանիայի կործանիչներն օդ են բարձրացվել ռուսական ռազմավարական ռմբակոծիչի մոտենալուց հետո
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի կործանիչները հոկտեմբերի 31-ին տագնապի ազդանշանով օդ են բարձրացվել` որսալու համար ռուսական ռազմավարական ռմբակոծիչը, որը հայտնվել է թագավորության օդային տիրութի մոտակայքում:
Այս մասին երեկ հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը: Վերջինիս հաղորդմամբ` Շոտլանդիայի Լոսմիուտ քաղաքում բազավորված Typhoon կործանիչները օդ են բարձրացել ու հաջողությամբ իրականացրել են որսման գործընթացը: Մեծ Բրիտանիայի ՊՆ-ը, սակայն, չի հայտնել, թե որքան ինքնաթիռ է ներգրավել այդ գործողության մեջ:
Ավելի վաղ Պենտագոնի մամլո քարտուղար, դերծովակալ Ջոն Կիրբին հայտարարել էր, որ հաճախակիացել են ռուսական մարտական ինքնաթիռների թռիչքները Բալթյան երկրների, Հյուսիսային ծովի ու Ատլանտյան օվկիանոսի շրջաններում: