Բաժիններ՝

Այս տարի Վրաստանի ու Թուրքիայի միջև ապրանքաշրջանառության ծավալն աճել է 32.4 տոկոսով

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2014 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստանից Թուրքիա արտահանման ծավալն աճել է 27.2 տոկոսով (37 միլիոն դոլարով)՝ համեմատած նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի հետ:

Այս տարվա առաջին 9 ամիսներին Վրաստանից Թուրքիա արտահանման ծավալը կազմել է ավելի քան 173 միլիոն դոլար, ինչը կազմում է Վրաստանի ողջ արտահանման 8 տոկոսը: Այս մասին են վկայել Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալները:

Դրանց համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում աճել է նաև Թուրքիայից Վրաստանի ներկրումը: 2014 թվականի առաջին 9 ամիսներին Թուրքիայից Վրաստանի ներկրման ծավալը կազմել է 1255 միլիոն դոլար, ինչը 33.2 տոկոսով (312.5 միլիոն դոլարով) ավելին է՝ համեմատած 2013 թվականի հաշվետու ժամանակահատվածի հետ:

Թուրքիային է բաժին ընկել Վրաստանի ողջ ներկրման 20.2 տոկոսը: 2014 թվականի հունվար-սեպտեմբերին Թուրքիան շարունակել է մնալ Վրաստանի հիմնական առևտրային գործընկերը:

Հաշվետու ժամանակահատվածում երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 1428.1 միլիոն դոլար, ինչը 32.4 տոկոսով ավելին է՝ համեմատած 2013 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների հետ: Թուրքիային է բաժին ընկել Վրաստանի արտաքին առևտրային ողջ շրջանառության 17 տոկոսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս