Ռուսաստանը հումանիտար չորրորդ ավտոշարասյունն է ուղարկել Դոնբաս
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի բնակիչների համար նախատեսված ՌԴ ԱԻՆ-ի հումանիտար նոր ավտոշարասյունը, որը երեկ իր ուղին սկսել էր Մերձմոսկովյան շրջանից, այսօր հասել է Վորոնեժի մարզ:
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԻՆ-ի ներկայացուցիչ Օլեգ Վոռոնովը: Նա մանրամասնել է, որ հումանիտար ավտոշարասյունը բաղկացախ է 100 բեռնատարից, որոնց վարորդներն իրենց ճանապարհին ոչ մի խոչընդոտի չեն հանդիպել և իրենց նորմալ են զգում:
Շարասյունը Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի համար տեղափոխում է մոտ 1000 տոննա բեռ՝ շինանյութեր, սննդամթերք, դեղորայք, ինչպես նաև ձմռանը նախապատրաստվելու համար նյութա-տեխնիկական միջոցներ: Վոռոնովի խոսքերով՝ ԱԻՆ-ի ինքնաթիռներով էլ մոտ 100 տոննա հումանիտար բեռ է ուղարկվել Դոնի Ռոստովից:
Սա ռուսական արդեն չորրորդ հումանիտար շարասյան ուղարկումն է: Առաջին երեք շարասյունները Դոնեցկ ու Լուգանսկ են հասցրել ընդհանուր առմամբ 6000 տոննա բեռ՝ սննդամթերք, դեղորայք, գեներատորներ, տաք հագուստ, խմելու ջուր և այլն: