Ադրբեջանցի դիվերսանտների դատավարությունը սկսվել է միջադեպով

Ինչպես հայտնի է, Ղարաբաղում երկու օր առաջ արդեն սկսվել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանը հատած ադրբեջանցի դիվերսանտների դատավարությունը, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն հայ և ադրբեջանական հասարակություններում, այլև ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրներում:

Դատավարության մանրամասների շուրջ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց ՀՀ առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

Նրա խոսքով` Հայաստանում մարդու իրավունքները պաշտպանող կազմակերպություններից ոչ մեկը ներկա չի եղել դատավարությանը. «Ես կարծում եմ` հումանիտար իրավունքին վերաբերող այսպիսի հարցերը պետք է լինեն մեր իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրության կենտրոնում: Ստացվում է, որ միայն մենք էինք այնտեղ ներկա` ունենալով 4 ներկայացուցիչ»:

Լ. Ալավերդյանն ասաց, որ նախօրեին տեղի ունեցած նիստը սկսվել է միջադեպով. վկաների ցուցակի մեջ անհասկանալի ձևով գրված են եղել սպանված հայ երեխայի մոր և եղբոր անունները, որոնք ի սկզբանե հրաժարվել են լինել վկա և պահանջել են, որ իրենց թույլ տան մասնակցել նիստին, ներկա լինել:

Տիկին Ալավերդյանը չի ընդունում մի շարք փորձագետների և լրագրողների կողմից հնչող այն հայտարարությունները, որ Լեռնային Ղարաբաղում դատն անօրինական է.

«Ողջունելի պետք է համարվի այն փաստը, որ չճանաչված երկրում գործում են մարմիններ, որոնք շարժվում են այն օրենսդրությամբ, որը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին: Հատկապես ՀՀ-ի ակտիվ խավը պետք է կասկածի տակ չդնի այն փաստը, որ Ղարաբաղում ընթացող դատավարությունը լիովին օրինական է, և այդ օրինականությունը փայլուն ձևով դրսևորվեց նախորդ նիստերի ժամանակ»:

Ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնվել են տեղեկություններ, որ մեղադրյալներին չեն ապահովել ադրբեջաներենից թարգմանչով, այնինչ Լարիսա Ալավերդյանը ժխտեց այդ տեղեկությունները. «Քանի որ անձամբ էլ հանդիպել եմ այդ մեղադրյալների հետ, կարող եմ ասել, որ նրանք անհրաժեշտ չափով տիրապետում են ռուսերենին: Իմ կարծիքով` նրանք այդ ամեն ինչն ավելի լավ չէին պատմի ադրբեջաներենով, քան պատմում են ռուսերենով: Քանի որ Արցախում պետական լեզուն հայերենն է, մեղադրյալները խոսում են ռուսերեն, նրանց խոսքը թարգմանվում է հայերեն: Կրկնում եմ, որևէ իրավական նորմ չի խախտվել»:

Լ. Ալավերդյանի խոսքով` դիվերսանտներից մեկին` Շահբազ Գուլիևին, սպանության մեղադրանք չի առաջադրվել, իսկ մյուսին` Դիլհամ Ասկերովին, առաջադրվել է, սակայն վերջինս հրաժարվում է ընդունել իր մեղքը. «Դատարանը հստակ դրել է հարցը, և նրանք իրենց մեղավորությունը մասնակիորեն են ճանաչել: Շահբազ Գուլիևն ընդունել է, որ ինքն անօրինական կերպով զենք է կրել, այդ տարածքում կատարել է գողություն, բայց առայժմ այդքանը»:

Նշենք նաև, որ ադրբեջանցի դիվերսանտների դատապաշտպանները հայեր են. այդպիսին են դատավարության պահանջները. «Ցանկացած անձ իրավունք ունի դատապաշտպան ունենալու: Այդ իրավունքը պետք է ապահովվի հենց այն պետության կողմից, որը մեղադրում է: Դատապաշտպանությունը գալիս է պաշտպանելու ոչ թե հանցանքը կամ հանցագործին, այլ ապահովում է դատավարության անաչառ լինելը»,- ասաց Լ. Ալավերդյանը:

Վերջինս կարծում է, որ դատավարությունը դեռևս տևական ժամանակ կընթանա, բայց այնուամենայնիվ մեկ տարի չի տևի. «Հետագայում իհարկե այլ զարգացումներ կանխատեսվում են: Ես ադրբեջանական կողմին ճանաչում եմ իր բոլոր տեխնոլոգիաներով, և դրանք որևէ քաղաքակիրթ ձևին չեն մոտենում: Հետագայում շատ կարևոր է, որ հայկական կողմը մինչև վերջ պահպանի միջազգային հումանիտար իրավունքի նորմերը»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս