Առաջնորդները բարոյապես մահացան, Լևոն Տեր-Պետրոսյանը մոտ ապագայում չի էլ լինի. Արծրուն Պեպանյան (տեսանյութ)

Քաղաքական դասական պայքարը, որ Հայաստանում տարվում է, հակացուցված է մեզ: Այս կարծիքին է «Վերելք» քաղաքական ուսումնասիրությունների հիմնադրամի նախագահ Արծրուն Պեպանյանը, ով այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նշեց, որ Վազգեն Մանուկյանի ժամանակներից սկսած՝ ընդդիմությունը սխալ ճանապարհի վրա է:

Ա. Պեպանյանը պնդում է, որ բոլոր այն շարժումները, որոնք պատերազմ կհայտարարեն իշխանություններին, զոհվելու են. «Արդյոք կա՞ մի շարժում, որը պատերազմ հայտարարեց իշխանություններին և հաղթեց: Չկա նման շարժում ու չի էլ լինելու: Այս 25 տարվա մեջ այս դասական պայքարը, որ կա, ես կոչում եմ եվրոբոլշևիկյան: Այդ պայքարի տեսությունը եկել է Եվրոպայից։ Իսկ ինչո՞ւ բոլշևիկյան, որովհետև նրանք, ովքեր հիմա հարթակների վրա են, կամ եղել են հարթակների վրա, իրենք հասունացել են բոլշևիկյան տիրապետության շրջանում, իսկ մեզ դպրոցում սովորեցնում էին՝ ինչ-որ պայքարի բոլշևիկյան մի ձև»:

Ա. Պեպանյանի խոսքով՝ այս 24 տարվա ընթացքում բոլոր առաջնորդները բարոյապես մահացել են. «Հիմա դուք քաղաքական էլիտայի մեջ չեք կարող ասել՝ ուր է Վազգեն Մանուկյանը, Արշակ Սադոյանը, Ստեփան Դեմիրճյանը: Անգամ եթե 2008 թվականի և այսօրվա Տեր-Պետրոսյանի հեղինակությունը համեմատեք, հազար անգամ ինքը հեղինակության կորուստ ունի և մոտ ապագայում ինքն էլ չի էլ լինի: Առաջնորդները բոլորը բարոյապես մահացան:
Իսկ ի՞նչ եղավ ժողովրդի հետ: Ամեն անգամ ջախջախվելով՝ ինքը հուսահատվում էր: Երբ Րաֆֆին շարժում սկսեց, ես ուղղակի իրեն հրապարակավ խնդրում էի, որ մի արա, այս մարդկանց մի տար, ևս մեկ անգամ եթե դուք այս մարդկանց ջարդեք իշխանական պարիսպների տակ, ամբողջովին հուսալքվելու են ու պետությունն ընկնելու է հոգեվարքի մեջ, ինչը որ եղավ»:

Ըստ Ա. Պեպանյանի՝ բացի Վազգեն Մանուկյանից՝ մյուս ընդդիմադիր առաջնորդները, ովքեր շարժում են նախաձեռնել ու տարել են մարդկանց պարտության, իրենց հարկավոր է կանչել Ազատության հրապարակ և գանահարել, պատժել, իրենք հանցագործ են. «Ամեն անգամ երբ շարժում էր սկսվում, ես ասում էի՝ ձեր շարժումը Վազգեն Մանուկյանի շարժումից ինչո՞վ է լավը: Ինքը ուներ այսքան հետևորդ, այսքան գաղափարական տարր, այսքան կամային հատկանիշներով: Բայց իրենց կրակեցին, հիմա այս նոր իշխանությունները հիմնականում փողոցից եկած տղերք են, կոմպլեքս չունեն, դուք էլ տեսաք, դուք էլ ունեք ավելի քիչ հետևորդներ, ավելի պակաս կամային հատկանիշներով, ավելի պակաս թվաքանակով»:

168.am-ի հարցին՝ ի՞նչ կանխատեսումներ կարող եք անել եռյակի ապագայի հետ կապված, Ա. Պեպանյանն այսպես պատասխանեց.
«Եկեք ռեսուրսների գնահատում անենք՝ սա իշխանություն, սա ընդդիիմություն: Ի՞նչ ունի իշխանությունը՝ ոստիկանություն՝ այսքան հազար, պաշտոնյաներ, չինովնիկներ, որոնք իրենց կողքին կանգնած են՝ այսքան հազար, Ազգային անվտանգության ծառայություն՝ իքս հազար, գործակալներ՝ իքս հազար, բանակ՝ այսքան հազար,այս ամեն ինչը գրում եք։ Իսկ ընդդիմությունն ի՞նչ ունի: Հիմա քանի՞ տոկոսն է հավանականությունը հաղթելու»:
Հարցին՝ այսինքն՝ հավանակա՞ն եք համարում, որ կարող է 2-րդ «մարտի մեկը» լինի., Ա.Պեպանյանն ասաց. «Երկրորդն էլ կարող է լինել, 4-րդն էլ կարող է լինել: Ինչո՞ւ չպետք է լինի, հո հիմար չե՞ն՝ ձեզ իշխանություն տան: Ամբողջ պետութունն այսօր մեկ անձ է, այդ անձի շնորհքից չէ, այլ մեր անշնորքությունից: Առաջ ուրիշ անուն ազգանուն ուներ, հետո ուրիշ, հիմա ուրիշ: Մեր իշխանության մեջ մի հոգի է, իսկ մնացածները հոգիներ չեն: Այնտեղ ուրիշ մարդ չկա, որ ինքն իր վրա վերցնի պատասխանատվություն, ասի՝ ես իմ զորամասով դուրս եմ գալու իշխանությունների դեմ: Իշխանական համակարգը ձևավորված է սեփական «ես»-ը չունեցող տարրերով: Հետևաբար՝ եթե դուք նրանց դեմ գնաք մարդկային քանակով, դուք նրանց չեք հաղթի: 2008 թվականին, երբ Տեր-Պետրոսյանը շարժում էր ձևավորում, իրենք հույս ունեին, որ իշխանության մեջ ճաքեր կառաջանան, բայց նման բան չեղավ»:

Մեր այն դիտարկմանը, որ փաստացի «Բարգավաճ Հայաստանը», Դաշնակցությունը, ՕԵԿ-ն արդեն իշխանությունների հետ չեն, արդյոք դա չի՞ թուլացնում իշխանություններին, Ա. Պեպանյանը պատասխանեց, որ իշխանություններն առանց դրանց էլ այնքան հզորություն ունեն, որ կարող են ջարդեն նրանց. «Իրենք այդ մեծ ռեսուրսն ունեն, դուք չեք կարող նրանց ջարդել: Հնարավոր չէ: Նախ, գնում եք ջարդելու ինչի՞ համար: Գտնում եք իշխանություննե՞րն են մեղավոր, որ Հայաստանն այս վիճակին է: Ես կբերեմ Ռոբերտ Քոչարյանի օրերը, հետո Տեր-Պետրոսյանի օրերը, հետո արդեն Դեմիրճյան: Ես ձեզ կապացուցեմ, որ այս մարդիկ հետևանք են: Դուք հետևանքների դեմ եք պայքարում»:

Տեսանյութեր

Լրահոս