Բաժիններ՝

Բյուջետային գերլավատեսության

Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներն արդեն իրենց զգացնել են տալիս նաև Հայաստանի տնտեսական վիճակի վրա, և այդ առիթով մտահոգություններ են արտահայտում նաև ՀՀ պաշտոնյաները։

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ ասել է, որ Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունն արդեն իսկ բացասաբար է ազդում Հայաստանի տնտեսության վրա, և եթե Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները շարունակվեն, բացասական ազդեցությունն ավելի մեծ կլինի:

Ինչպես փոխանցում է «Ազատությունը», լրագրողների հետ ճեպազրույցում Հովիկ Աբրահամյանը թվեր չի նշել, բայց չի էլ բացառել` հնարավոր է` կառավարությունը չկարողանա ապահովել այս տարի խոստացած 4 տոկոս տնտեսական աճը: «Ամեն ինչ անում ենք, որպեսզի տարածաշրջանում ընթացող բոլոր պրոցեսների մեջ մեր տնտեսությունը զարգացում ապրի, բայց բոլորդ գիտեք, որ մենք ունենք նաև Ռուսաստան-Արևմուտք հակամարտության պայմաններում բացասական ազդեցություն մեր տնտեսության վրա։ Այսօր հունվար-սեպտեմբեր ամիսներով 4 տոկոս է տնտեսական ակտիվությունը, եթե կարողանանք մինչև տարվա վերջ ապահովել այդ թիվը, ապա, ես կարծում եմ` դա ձեռքբերում է»,- ասել է վարչապետը։

Ինչպես տեսնում եք, Հովիկ Աբրահամյանը փորձել է հնարավորինս անկեղծ լինել։ Սակայն կան մի քանի էական կետեր, որոնք այդուհանդերձ հակասական են։

1. Նախ` ի սկզբանե, 2014 թվականի բյուջեով ամրագրվել է 5.2% տնտեսական աճ։ Այսինքն` կառավարությունը խոստացել է ոչ թե 4%, այլ 5.2%։

2. Ստացվում է, որ բյուջեով կանխատեսված ցուցանիշից 1.2 տոկոսային կետով ցածր աճ ապահովելը պետք է ձեռքբերում համարել։ Սա շատ նման է, երբ 2009 թվականին ձեռքբերում էին համարում այն, որ տնտեսական անկումը 14%-ից շատ չեղավ։

3. Վարչապետը երեկ ավելի լավատես է գտնվել, քան նրա ենթակաները։ Նա դեռ չի բացառում, որ կունենանք 4% աճ, մինչդեռ 2015 թվականի պետբյուջեի նախագծում կանխատեսվում է նաև ընթացիկ տարվա տնտեսական աճը։ Եվ հաշվի առնելով արդեն տարվա առաջին կիսամյակի փաստացի զարգացումները` 2014-ի համար կանխատեսվում է 3.3% տնտեսական աճ։

Կարճ ասած, եթե հավատանք 2015 թվականի բյուջեի նախագծին, ապա ձեռքբերում չենք ունենալու` անգամ 4% տնտեսական աճ չի ապահովվելու։
Առավելևս, որ միջազգային կառույցների` Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի կանխատեսումներով` ընթացիկ տարում Հայաստանի տնտեսական աճը չի կարող գերազանցել 2.7%-ը։ Որպես գլխավոր պատճառ` նշվում է Ռուսաստանի տնտեսական վիճակի վատթարացումն ու Հայաստանի կախվածությունը։

Ընդ որում, թե՛ միջազգային կառույցների, թե՛ ՀՀ պետբյուջեով արված կանխատեսումները հրապարակվել են 1 ամիս առաջ։ Իսկ վերջին ամսվա ընթացքում ՌԴ տնտեսության վիճակն ավելի է վատացել և շարունակում է վատանալ։ Նավթի գինը նվազում է, ռուբլին արժեզրկվում է, կապիտալի արտահոսքն ահագնացող չափերի է հասնում։ Այդ ամենն արդեն զգացվում է նաև Հայաստանում` 2.5%-ով նվազել են ՌԴ-ից Հայաստան ուղարկվող դրամական փոխանցումները, կրճատվել են ներդրումներն ու երկկողմ առևտրաշրջանառությունը։

Ու այս ֆոնին` հաջորդ տարվա բյուջեն բավականին ուշագրավ է դիտվում։ Իրավիճակի վատթարացմանը զուգահեռ` 2015 թվականի պետբյուջեով կանխատեսվում է ավելի բարձր տնտեսական աճ, քան կունենանք այս տարի։ Ու թեպետ «Բյուջե-2015»-ը դեռ չի հասցրել արժանանալ որևէ մակդիրի, այն արդեն իսկ կարելի է անվանել գերլավատեսական բյուջե։
Ասվածն ապացուցելու համար կրկին մեջբերենք Հովիկ Աբրահամյանին։ Պատասխանելով «Ազատության» հարցին, թե Ռուսաստանի տնտեսության ոչ բարվոք վիճակը որքանո՞վ կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա, վարչապետը պատասխանել է. «Ինչքան այս սանկցիաները երկար տևեն, այնքան շատ»։
Պատժամիջոցները դեռևս շարունակվում են, և դրանց կասեցման մասին դեռ խոսք չկա։ Իսկ Ռուսաստանի տնտեսության համար 2015 և 2016 թվականներին ստագնացիա (լճացում) են կանխատեսում ոչ միայն միջազգային կառույցները, այլև հենց ռուսաստանցի մասնագետները (օրինակ` ակադեմիկոս Աբել Աղանբեգյանը)։ Մի խոսքով, հաջորդ տարի ՀՀ տնտեսության 4.1% իրական աճն ապահովելը կլինի իսկական նվաճում։

Իհարկե, ՀՀ պետբյուջեն կազմողները չէին կարող հաշվի չառնել այս ռիսկերը։ Բյուջետային ուղերձում առանձին գլուխ կա տնտեսական ռիսկերի, այդ թվում` արտաքին ռիսկերի մասին։ Եվ դրանում հատուկ խոսվում է պատժամիջոցների ազդեցության մասին։

«Եվրամիության տնտեսական աճի տեմպերի դանդաղումը և Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը դոմինոյի էֆեկտով կարող են տարածվել հատկապես Եվրամիության հետ երկկողմանի առևտրային խոշոր շրջանառություն ունեցող երկրների վրա, այդ թվում` նաև Ռուսաստանի վրա, որտեղից գալիս են հիմնական կապիտալը և տրանսֆերտային հոսքերը Հայաստան: Այս ճանապարհով ՀՀ տնտեսության վրա ազդեցությունը կարող է համեմատաբար ավելի նշանակալի լինել:

Եվրամիությունից Ռուսաստանի տնտեսության վրա ազդեցությունը հիմնականում կփոխանցվի նավթի գների նվազման ճանապարհով` հիմնականում պայմանավորված համաշխարհային պահանջարկի նվազմամբ: Նավթի գների նվազման արդյունքում կարող են էլ ավելի նվազել Ռուսաստանի տնտեսական աճի տեմպերը, ինչը կպայմանավորի նաև Հայաստան ներհոսող մասնավոր տրանսֆերտների և ուղղակի ներդրումների աճի տեմպերի դանդաղումը: Արդյունքում, վերջինս ազդեցություն կունենա ինչպես` ներքին պահանջարկի նվազման և տնտեսական աճի տեմպերի դանդաղման վրա, այնպես էլ` փոխարժեքի վրա»,- նշվում է ՀՀ 2015թ. բյուջեում:

Ու չնայած սրան` կանխատեսվում է 4.1% իրական տնտեսական աճ։
Որովհետև մեր լավատես կառավարությունը գնահատում է տնտեսության վրա ոչ միայն բացասական, այլև դրական ազդեցություն ունեցող հնարավոր գործոնները։ Օրինակ, նշվում է` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության արդյունքում ՀՀ-ում կարող է տեղի ունենալ օտարերկրյա ներդրումների կանխատեսվածից ավելի ներհոսք` ինչը կբերի ՀՆԱ-ի լրացուցիչ աճի: Կամ այն, որ տնտեսական աճի մակարդակը կարող է ավելի բարձր լինել` պայմանավորված ՀՀ կառավարության կողմից իրականացվող տնտեսական բարեփոխումների ընթացքով:
Ամեն դեպքում, ՀՀ կառավարությունը չի բացառում ռիսկերը և անգամ` ճգնաժամը։ Անգամ նշված է գործիքակազմը, որը հնարավոր կլինի կիրառել ճգնաժամային իրավիճակի դեպքում։

Բյուջետային ուղերձում կա նաև հատուկ աղյուսակ, որը կոչվում է «Հակաճգնաժամային միջոցառումներն աշխարհում և Հայաստանում»։ Թվարկված են թվով 12 ֆինանսական և ոչ ֆինանսական գործիքներ, և «+» նշանով առանձնացված են այն գործիքները, որոնք կիրառվել են Հայաստանում 2009 թվականի ճգնաժամի ժամանակ։ Դրանց թվում են, օրինակ, աջակցությունը խոշոր (համակարգաստեղծ) ընկերություններին կամ պետբյուջեի միջոցներով հիմնադրամների կամ այլ ֆինանսական միջնորդների ստեղծումը, և այլն։

Իսկ հիմա, թերևս, ամենաուշագրավը։ Կարդացեք, թե ինչ է գրված ՀՀ 2015 թվականի բյուջեի նախագծում` այս գործիքների մասով. «Նշված գործիքների կիրառությունը ապացուցեցին ճգնաժամին հակազդելու արդյունավետությունը, ինչով էլ պայմանավորված` կշարունակվի նույն գործիքակազմի կիրառումը հնարավոր ճգնաժամին հակազդելու համար: Միաժամանակ, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ երկիրն արդեն ունի նշված գործիքների կիրառության փորձառություն, կառավարությունը հնարավորություն կունենա առավել արագ և ժամանակին ապահովել նշված գործիքների կիրառությունը»:

Սա նշանակում է, որ ներկայիս կառավարությունը ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ է համարում այն քայլերը, որոնց «շնորհիվ» Հայաստանում արձանագրվեց 14.2% տնտեսական անկում (անկման ցուցանիշով զիջում էինք միայն Ուկրաինային)։ Սա նշանակում է, որ արդյունավետ է համարվում ՌԴ-ից վերցված 500 միլիոն դոլարի վարկն ու մյուս վարկը։

Ու Աստված մի արասցե, եթե նորից ճգնաժամ լինի, չի բացառվում, որ հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում մեծացնենք պարտքային բեռը։
Կարճ ասած, սա նշանակում է, որ արտակարգ` ճգնաժամային իրավիճակների դեպքում ներկայիս վարչապետը կիրառելու է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի մշակած քայլերը։ Հուսանք, որ դրանց «արդյունավետությունը» կրկին ստուգելու առիթ չի լինի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս