Արամ Սարգսյան. Լևոն Տեր-Պետրոսյանը երիտասարդական ազարտի մեջ է գտնվում. Tert.am

Եռյակում եղած յուրաքանչյուր ուժ առանձին պլաններ ունի, իմ գնահատականներով այսօր իրականանում է միայն Գագիկ Ծառուկյանի նախանշած պլանները, իր խոսքից է կախված ամեն ինչ, և նա դա չի թաքցնում, այլ ցուցադրում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում, ըստ tert.am-ի՝ ասել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը:

«Գագիկ Ծառուկյանին խորհուրդ կտայի քիչ երրորդ դեմքով ինքն իր մասին խոսեր, սիրուն չի և հանրահավաքներից առաջ լավ կաներ բանավոր խոսքը պատրաստեր»,- ասել է նա:

Արամ Սարգսյանը գտնում է, որ այսօր Գագիկ Ծառուկյանի մոտեցումներն իրականացան, որովհետև ինքը դարձավ հստակ ընդդիմադիր զանգվածի լիդեր` ոչ իշխանություն լինելով, քանի որ նա նույնիսկ չի էլ ընդունել, որ ինքը ընդդիմադիր է:

«Ոչ իշխանություն լինելով նա ապահովեց հասարակական զանգված, որը նրան ընդունի որպես Հայաստանի Հանրապետության հաջորդ նախագահի թեկնածու: Գագիկ Ծառուկյանի ասածները շատ անմեղ բաներ էին, պարզապես վերջին խոսքն իրենն է, ինքը վերջին հանրահավաքով ապացուցեց, որ մարդ բերողն ինքն է, և մարդիկ գալիս են իրեն լսելու, ոչ թե մյուսներին: Դա ինձ համար տխուր էր, տխուր էր Լևոն Տեր-Պետրոսյանի և Ստեփան Դեմիրճյանի համար: Ես անկեղծ սրտի ցավ ունեմ, չէի ցանկանա դա տեսնել»:

Անդրադառնալով ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի նույն հարթակում գտնվելուն, Արամ Սարգսյանը հիշեցրեց.«Նախ ասեմ, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը 2003 թվականին ամբողջ ուժով իր շրջապատով պաշտպանել է Ռոբերտ Քոչարյանին, իսկ 2008 թվականին էլ կոալիցիայի մաս է կազմել Սերժ Սարգսյանի հետ: Այդ կուսակցության անդամ Վարդան Օսկանյանն արդարացնում էր դիվանագիտական մակարդակներով այն սպանդը, որը տեղի ունեցավ Մարտի 1–ին…»:

Tert.am-ի հարցին, թե ինչպես կհակադարձեք Լևոն Տեր-Պետրոսյանի որոշ ընդդիմադիր ուժերին մարգինալ ուժեր համարելուն և այն ասածին, որ ընդդիմության ընդդիմությունը Սերժ Սարգսյանի բարեկամն է, Արամ Սարգսյանը նշել է. «Այդ ասածի մեջ շատ լուրջ հակասություն կա: Եթե մենք մարգինալներ ենք, ջղաձիգներ ենք, ուրեմն կա՛մ մենք ընդդիմադիր չենք, որից ինքը զայրանում է, կա՛մ ինքը հակասում է իրեն` թե չի կարելի ընդդիմադիրն ընդդիմադիրին քննադատի: Այս ասածի և պահվածքի մեջ հստակ հակասություն կա: Ես չէի ցանկանա Լևոն Տեր-Պետրոսյանի որևէ ասած դնել քննադատել, մեկնաբանել, շատ երկար, դժվարին ճանապարհ ենք անցել և ճիշտ չեն այդպիսի ձևակերպումները»:

Հարցին, թե ինչով եք պայմանավորում Լևոն Տեր-Պետրոսյանի վերաբերմունքի փոփոխությունը, Արամ Սարգսյանը պատասխանեց.«Մարդիկ կան, ովքեր պարտվել չեն սիրում, պարզապես չեն կարողանում պարտվել: Իմ կարծիքով՝ Լևոն-Տեր Պետրոսյանը միայն այդ առումով ցանկանում է հաղթած լինել` ցանկացած գնով: Ես իրեն հաջողություն եմ մաղթում»,- ասաց նա և նշեց, թե գտնում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը երիտասարդական ազարտի մեջ է գտնվում:

Մեկ այլ լրագրողի հարցին ի պատասխան` «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը նշեց, թե ինքը նեղսրտում է, որ իշխանափոխություն չեղավ 2003 թվականին, ինչի մեղավորը նաև ինքն է։ Նա նաև նեղսրտում է, որ իշխանափոխություն չեղավ 2008 թվականին, ինչ մեղավորներից մեկը դարձյալ ինքն է և ինչի համար ներողություն է խնդրում:

«Ես նեղսրտում եմ, որ 2013 թվականի Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներին իշխանափոխություն չեղավ, ինչի համար էլի նաև ես էի մեղավոր` իմ չափով: Ես նեղսրտում եմ, որ հիմա էլ չի լինելու այդ իշխանափոխությունը, սա բայղուշություն չհամարեք, սակայն փորձս է ասում: Բոլոր երեք դեպքերում էլ անհաջողությունը եղել է մի խնդրից` բոլորն էլ ցանկացել են հաղթանակը բերել Մոսկվայից, իսկ Մոսկվան հաղթանակը տալիս է գործող իշխանությանը, դա թող դաս լինի»,– ասաց նա:

Արամ Սարգսյանը չբացառեց Ռոբերտ Քոչարյանի` եռյակի միջոցով հավանական վերադարձը` հիշեցնելով, որ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, թե Ռոբերտ Քոչարյանը այն անհատն է, ով իրավունք, արժանիքներ ունի հետ վերադառնալու: «Կոնկրետ ՀԱԿ-ի մասով կասկածում եմ, ՀԱԿ-ը չի գնա դրան, բայց ԲՀԿ-ն, որն այսօր ինքն է վճարում և խմում շամպայնը, կարող է բերել, չեմ բացառում»,-հավելեց նա:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս