Զինվորները ինկուբատորներո՞ւմ են աճում. «Էդ մայրերն են ծնում, սնում ու աճեցնում, դուք երկրի անվտանգության այս վեհ կապը չեք տեսնում

«Ձեր համար ես ընդամենը թիվ եմ, որ գուցե խարդախ են, գործի են անցել արձակուրդ գնալուց մի քանի ամիս առաջ, բայց ոչինչ չեք ասում մարդկային պատմությունների մասին, որ մայրերը անդուլ աշխատում են: Ու հավասարության նշան եք դնում իմ ու պոտենցիալ խարդախների միջև»,- այսօր ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում հղիության նպաստների շուրջ կազմակերպված լսումների ժամանակ հայտարարեց 3 ամսական հղի քաղաքացի Տաթև Դավթյանը:

Նա հայտարարեց, որ աշխատող կանանց հղիության նպաստի կրճատումը պատիժ է՝ միայն սեռով պայմանավորված: Նա շեշտեց, որ պաշտոնյաներն այդպես էլ չպատասխանեցին ավելի վաղ հնչեցրած իր հարցին, թե ինչու զորավարժության մեկնող տղամարդու եկամուտը չի կրճատվում:

«Սա պետական մարկարդակով դիսկրիմինացիա է, որն անթույլատրելի է: Երբ պետական պաշտոնյան իր օրինակով է դիսկրիմինացիա տարածում, էլ ի՞նչ ուզենք այն անգրագետ տղամարդուց, որ կնոջը երկրորդ սորտի մարդ է համարում»,- ասաց Տաթևը:

Նա նշեց, որ եթե կարծում են, թե 300 հազար դրամով կարելի է շքեղ կյանք վարել, թող քար նետեն իր վրա: Թվարկելով այն դրականը, որ կնոջ աշխատելու դեպքում շահում է պետությունը՝ գործազրկության թեթևացում, հարկեր և այլն, Տաթևը հայտարարեց, որ կինը կյանքում մի քանի անգամ, մի քանի ամսով «ծանրանում» է բյուջեի վրա և նման մոտցումը վիրավորական է. «Դուք կասկածի տակ եք դնում ու թուլացնում եք մեր վստահությունը պետության նկատմամբ: Այն երջանիկ ժամանակաշրջանում Դուք երես եք թեքում կնոջից ու զրկում եք ապահովության զգացումից, որ կինը պետք է ունենար մայրության շրջանում: Սրա հետևանքները աղետալի են լինելու»:

Կրկին անդրադառնալով զինվորականների արտոնությունների թեմային՝ Տաթևը հարցադրում արեց՝ զինվորները ինկուբատորներո՞ւմ են աճում. «Էդ մայրերն են ծնում, սնում ու աճեցնում: Դուք երկրի անվտանգության այս վեհ կապը չեք տեսնում»:

Նա միայն մեկ առաջարկ- պահանջ արեց՝ բոլոր աշխատող մայրերը պետք է 100%-ով փոխհատուցվեն:

Նիստերի սենյակում հնչած ծափերին ի պատասխան՝ ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը հորդորեց. «Ծափ մի տվեք, միտինգ չի»:

Տեսանյութեր

Լրահոս