Բողոքի ակցիա. 10 գյուղ ավտոբուս է պահանջում
Վաղը Արարատի մարզի Հայանիստ գյուղում լինելու է բողոք-հավաք` տրանսպորտի անբարվոք վիճակի դեմ: Մոտ տասը գյուղ (Ջրառատ, Գայ, Հայկաշեն, Մեծամոր, Հովտաշատ, Հայանիստ, Խաչփար, Ազատաշեն, Գեղանիստ) սնող Ջրառատ-Երևան երթուղային տաքսին միակն է, որը հասնում է մինչև Երևան և չկա այլընտրանք: Այսինքն այս մեկ երթուղին և դրանցում շահագործվող հնամաշ գազելներն են ապահովում վերոնշյալ գյուղերից մարդկանց ուղեորափոխադրումը դեպի մայրաքաղաք Երևան: Երթուղայիններն մշտապես այնքան են ծանրաբեռնվում, որ վտանգ կա, որ գյուղացին հնարավոր է այս անգամ տուն չհասնի:
Գյուղերի բնակիչները ստիպված են, հատկապես պիկ ժամերին, հոգնած վերադառնալ տուն` ամբողջ ճանապարհին անհարմար դիրքով կանգնած, կռացած, կիսակքանիստ, կքանիստ, միմյանց գրկախառնված վիճակում:
Գյուղի բնակիչները պահանջում են, որ երթուղային տաքսիները փոխարինվեն ավտոբուսներով, լինի հաստատված չվացուցակ, որի միջակայքերը չգերազանցեն 20 րոպեն և վերջինը Ավտոկայանից շարժվի 22:00-ին:
Այս խնդրի մասին քանիցս բարձրաձայնվել է, իսկ հոկտեմբերի 26-ին` ժամը 12:00-ին, նշված գյուղերի բնակիչները հավաքվելու են Հայանիստ գյուղի գլխավոր խաչմերուկում և պահանջելու են, որ խնդիրը լուծվի: