Շտաբներ են բացում, որ ասեն, թե ԲՀԿ-ն լավն է և լավ կլինի, որ ընդգրկվեն կուսակցության շարքերում. Արշակ Սադոյան
«Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ, Հայաստանի հանրային խորհրդիանդամ Արշակ Սադոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ Ազատության հրապարակը սեփականաշնորհել են այն մարդիկ, որոնք ընդհակառակը՝ պնդում են, որ ազատություն չլինի:
Ըստ նրա՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ելույթի միակ կարևոր կետն այն էր, որ պետք է կուսակցության շտաբներ լինեն բոլոր մարզերում. «Գագիկ Ծառուկյանը չվճարված հարկերի հաշվին բացում է շտաբներ, մարդկանց վճարում է միայն նրա համար, որ այդ խուլ գյուղերում իրենց հարևաններին ու բարեկամներին ասեն, թե ԲՀԿ-ն լավն է և լավ կլինի, որ ընդգրկվեն կուսակցության շարքերում:
Եվ դրա համար ծախսում են մեր ժողովրդից վերցրած փողերը, դա բոլորս էլ հասկանում ենք: Ինչպե՞ս է լինում, որ Երևանի պետական համալսարանն ավելի շատ հարկ է վճարում պետությանը, քան Մուլտի Գրուպի ինչ որ կազմակերպություն: Այս պայմաններով ձեռք բերված միջոցները ծախսել, որպեսզի Հայաստանում ստեղծվեն այսպես կոչված՝ շտաբներ շարժման համար, որն իրենք են հռչակել, նշանակում է նոր ձև գտնել և 5000 դրամները, որ տալիս էին ընտրություններին, հիմա չեն տա, կտան ընթացքում: Մարդկանց էլ կստիպեն՝ ոնց թե, դու մեր կուսակցության անդամն ես, բա ու՞մ ես ձայն տալու»,-ասաց նա:
Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթի մասին խոսելիս ասաց, որ նրա հակադարձությունը Լևոն Տեր- Պետրոսյանի ելույթին, վախվորած էր. «Րաֆֆի Հովհաննիսյանը կմկմալով ասաց, թե Եվրամիություն էլ չեն ուզում, լավ հասկանալով, որ այլ տարբերակ չկա, պետք է մի ուղի գտնել զարգանալու համար:
Մենք պետք է որոշակի ուղղության հարենք: Մեզ համար տնտեսապես ավելի ձեռնտու ու հազարապատիկ ավելի օգտակար է, որ մենք գնանք արևմտյան քրիստոնեական քաղաքակրթության ուղղությամբ, այլ ոչ թե Ղազախստանի կամ մյուս մուսուլմանական քաղաքակրթությունների ճանապարհով: Ով չի հասկանում, որ և՛ Բելառուսում, և՛ Ղազախստանում ավտորիտար ռեժիմ է: Կամ թեկուզ Ռուսաստանը, Պուտինը, որ ինչքան ժամանակ է ղեկավարում է ու դեռ երկար էլ կշարունակի ղեկավարել, այսինքն՝ համարյա Հյուսիսայի Կորեա: Իսկ մենք գնում ենք այդ ճանապարհով:
Եվ դրա դեմ խոսողը ռիսկ չի անում այդ ամենն ասի, ասում է՝ գիտեք ինչ, մենք Եվրամիություն էլ չենք ուզում, որովհետև վախենում է խոսել: Իսկ նա այնքան բան կարող էր ասել թերությունների մասին»,-նշեց Ա. Սադոյանը:
Ռազմիկ Մարտիրոսյան