Քեմերոնը հրաժարվել է ԵՄ-ի բյուջեում մեծացնել բրիտանական ներդրումը
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը պահանջել է ԵՄ-ի ֆինանսների նախարարների շուտափույթ հանդիպում՝ կապված նրա հետ, որ Բրյուսելը Մեծ Բրիտանիայից ու մյուս երկրներից պահանջում է ավելի մեծ ներդրում ունենալ ԵՄ-ի բյուջեում:
Քեմերոնն այդ պահանջը ներկայացրել է երեկ Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ-ի առաջնորդների հանդիպման ժամանակ, որում քննարկվել են տնտեսական խնդիրներ: Քեմերոնը հայտարարել է, որ ԵՄ-ի այդ պահանջն անընդունելի է, և որ իրենք չեն կատարելու այն:
ԵՄ-ի առաջնորդները Մեծ Բրիտանիայից խնդրել են հատկացնել հավելյալ 2.1 միլիարդ եվրո, այսինքն 20 տոկոսով ավելի շատ, քան ներկայումս է, քանի որ բրիտանական էկոնոմիկայի գործերն ընթանում են ավելի հաջող, քան կանխատեսվում էր:
ԵՄ-ի բյուջեում իրենց ներդրումը մեծացնելու հարցում իրենց դժգոհություններն են հայտնել նաև Նիդերլանդները, Ֆինլանդիան և անգամ Հունաստանն ու Իռլանդիան: