Արամ Մանուկյանը խոստացավ, որ այսօր հիասթափություն չի լինի
«Ես չեմ կարծում, որ ժողովրդի մեջ մնացել է մեկը, ով իշխանափոխություն չի ուզում: Միայն ի պաշտոնե չեն ուզում»,- այսօր ԱԺ-ում բրիֆինգների ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Նա նշեց, որ արտագաղթի թվերը չեն պակասում, հակառակը՝ ավելանում են և միջինում տարեկան 60 հազար գնում են ու ետ չեն գալիս, իսկ դա Հայաստանի համար լուրջ թիվ է. «Սա մեր երկրի թիվ մեկ մարտահրավերն է: Անաչառ նայենք՝ այս ընթացքը պետք է կանգնեցվի: Հակառակ դեպքում հայերով ուժեղացող Սփյուռքը, հայերով ուժեղացող Ռուսաստանը թուլացնում է Հայաստանը: Ով հաջողում է այնտեղ, կանչում է իր հորեղբոր տղային, բարեկամին: Սա շատ արագ կարող է սպառել ՀՀ մարդկային ռեսուրսը: Սա ոչ քաղաքական է, ոչ կուսակցական է: Սա մեր ազգի, պետության ու այս ժամանակահատվածի թիվ մեկ մարտահրավերն է: Սրանով է պայմանավորված իշխանափոխության անհրաժեշտությունը»:
Ըստ Ա.Մանուկյանի՝ այսօր հանրահավաքին կան ուժեր, որոնք գաղափարական թելերով չեն իրար կապված, բոլորովին այլ մոտիվացիա կա. «Մենք տեղեկություն ունենք, որ այսօր հանրահավաքին լինելու են նաև լրիվ նոր մարդիկ, ոչ քաղաքական: Մարդիկ, որ ինչպես հիվանդն է, որ թպրտում է, զգում, որ ներքին ռեսուրսներ պետք է ավելացնել, այնպես էլ մարդիկ: Ու այսօր հանրահավաքին գնում ենք այս փոփոխությունների ֆոնի վրա»: Նա նշեց, որ իրենց զգում են նաև իրենց պատասխանատվության չափը. «Պահանջարկը լինելու է շատ, ավելին, ագրեսիվ, մաքսիմալ շատ, քան իրենց հաշվարկներն են: Եթե նախկինում մենք էինք ավելի շատ ուզում իշխանափոխություն, ժողովուրդը չէր հասցնում տեմպին, հիմա պատվերը ավելի առաջընթաց է: Դա, իհարկե, շատ լավ է, մեր ուզածն է, ու մնում է ժամանակի ու տեղի մեջ ճիշտ տեղադրել և կորուստ չունենանք, անցումը լինի անցնցում»:
Ա.Մանուկյանի խոսքով՝ ժողովուրդն արդեն ոչ թե խոսքի, այլ գործողության կարիք ունի: Նա նշեց, որ ոչ ոք չգիտի մյուսի ելույթի բովանդակությունը, միայն ընդհանուր եզրույթներն են պայմանավորվում, ապա լիդերները, տեսնելով էներգիան, խորհրդակցում են, ու որոշում: Ըստ նրա՝ որոշակի սցենարներ պատրաստ են, բայց ծրագիր կդառնա այն, որը կորոշեն լիդերները հանրահավաքի վերջում:
Նա համաձայնեց ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանի հետ, որ չպետք է լինի հիսաթափություն ու արյունահեղություն. «Հասկանում ենք, որ մտածված տեղ չհասցրիր, հաջորդ շարժում կարող է չլինել: Բոլորն ուզում են, որ շարժումը հաջողի, բայց մեր վրա է նաև մարդկանց անվտանգության պատասխանատվությունը: Այսօր Մարտի 1-ի իրավիճակ չէ, ռեսուրսները մսխել են, դրսից աջակցություն չունի, քանի որ ամենաանլուրջ պարտնյորն է դիտվում Սերժ Սարգսյանը»: Ա.Մանուկյանը հավաստիացրեց, որ գործընթացները չեն կարող շատ երկար շարունակվել ու խոստացավ, որ այսօր հիասթափություն չի լինի, կլինեն շատ ծրագրային մոտեցումներ: