Ըստ Արծվիկ Մինասյանի՝ խոշոր բիզնեսը չի օգտվի սահմանապահ համայնքներին տրվող արտոնություններից
ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր ԱԺ նիստում «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրինագծի շուրջ ելույթների ժամանակ հայտարարեց, որ Ադրբեջանի հետ սահմանամերձ շրջանների բնակիչների մոտ ձևավորվել է շատ լուրջ ակնկալիք քաղաքական ուժերից, որոնք պարտավոր են այդ ակնկալիքներին հավուր պատշաճի բավարարում տալ: Մինասյանը նշեց, որ այդպիսին ոչ միայն այս նախագիծը պետք է լինի: Նա հույս հայտնեց, որ կառավարության հետ շուտով կքննարկեն նոր փաթեթ՝ սոցիալական աջակցության թեմայով:
«Ակնհայտ դարձավ նաև, որ սահմանապահ հասկացությունը պետք է ֆիքսվի»,- ասաց Ա.Մինասյանը:
ՀՅԴ պատգամավորը հերքեց, որ խոշոր բիզնեսը կօգտվի այս արտոնություններից. «Ամենևին այն դեպքը չի, որ խոշորները կօգտվեն: Ավելի լավ է խոշորը տանի այնտեղ բիզնես դնի, քանի բնակավայրերը զրկված մնան»: