Եռյակի լիդերները չեն հանդիպել, որովհետև Ծառուկյանը Հայաստանում չէ

Խորհրդարանական եռյակը հերթական նիստն է հրավիրել, որի ժամանակ քննարկվել է խորհրդարանում իրենց կողմից ներկայացված երկու օրենսդրական նախաձեռնությունների ճակատագիրը:

Ինչպես տեղեկացրել էինք, «Ժառանգություն» խմբակցության նախագահ Ռուբեն Հակոբյանը ներկայացրել էր որոշման նախագիծ «ՀՀ Ընտրական օրենսգիրքը բարեփոխելու անհրաժեշտության մասին», իսկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը և ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը համատեղ ներկայացրել էին հայտարարության նախագիծ «Հայաստանում կառավարման ճգնաժամի մասին»: Ըստ Ռուբեն Հակոբյանի, իշխանությունները դիմել են աճպարարության և որպես հրատապ հարց՝ քառօրյայի օրակարգ են մտցրել սահմանամերձ բնակավայրերին հարկային արտոնություններ տրամադրելու մասին օրենքի նախագիծը, ինչպես նաև հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծեր: Միևնույն ժամանակ՝ ՀՀԿ-ականները հրահանգավորված ակտիվություն են դրսևորում այս հարցերի քննարկման ժամանակ, որպեսզի դրանց քննարկումը երկարաձգվի մինչև քառօրյայի ավարտ: Հակոբյանն ասում է, որ եռյակի նիստում եղել է երկու առաջարկ. բոյկոտել ԱԺ նստաշրջանը, և մյուսը՝ ակտիվորեն մասնակցել քննարկմանը: Որոշվել է, որ եռյակի ներկայացուցիչները կմասնակցեն կառավարության ներկայացրած օրենքների նախագծերի քննարկմանը:

Ռուբեն Հակոբյանն անդրադարձավ նաև հոկտեմբերի 24-ինեռյակի կողմից հրավիրված  հանրահավաքին: Ըստ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի, Րաֆֆի Հովհաննիսյանն անպայման կմասնակցի հանրահավաքին, և հիմա իրենց խնդիրն է, որ հանրահավաքն ունենա միասնական օրակարգ: Ենթադրվում էր, որ միասնական օրակարգի ձևավորման համար պետք է տեղի ունենար եռյակի լիդերների հանդիպում: Ըստ Ռուբեն  Հակոբյանի, այս պահին այդ հանդիպումը չի կայացել, բայց նա չբացառեց, որ այն մինչև հոկտեմբերի 24-ը կկայանա: Ինչ վերաբերում է օրակարգին. Հակոբյանն ասում է, որ հասարակությունը հոգնել է ելույթներից, և հիմա գործողությունների ժամանակն է, իսկ գործողությունները պետք է ուղղված լինեն իշխանափոխությանը: 168.am-ի հարցին՝ «Իշխանափոխություն` 2017-2018թթ.-ի՞ն», Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Ոչ, ավելի շուտ»:  Իսկ ե՞րբ. նա հորդորեց սպասել մինչև հոկտեմբերի 24:

Հակոբյանն ասում է, որ եռյակի կողմից չի քննարկվել նաև «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի ներկայացրած միասնական հարթակի օրակարգը: «Որպեսզի այդ օրակարգը քննարկվի եռյակի նիստում, այն նախ պետք է քննարկվի մեր կուսակցության վարչության նիստում, սակայն «Ժառանգություն» կուսակցության վարչությունը Զարուհի Փոստանջյանի առաջարկները դեռ չի քննարկել»,- տեղեկացրեց Հակոբյանը: Հիշեցնենք, որ գրեթե մեկ շաբաթ առաջ Զարուհի Փոստանջյանը ներկայացրել էր 8 կետից կազմված պահանջների փաթեթ, որը, ըստ նրա, կարող էր դառնալ եռյակի հանրահավաքի միասնական օրակարգ, սակայն այնտեղ այնքան արմատական պահանջներ էին ներկայացված, որ դրանք որևէ կերպ չէին կարող ընդունելի լինել ԲՀԿ-ի համար: Ըստ էության, եռյակում տիրում է բացահայտ անորոշություն, որի պատճառը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի բացակայությունն է Հայաստանից: Նա, ըստ ԲՀԿ-ականների, Հայաստան կվերադառնա միայն այսօր երեկոյան: Բայց թե ինչ է ասելու հոկտեմբերի 24-ին Ծառուկյանը, որևէ մեկը չգիտի և չի էլ կարող նույնիսկ գուշակել: Իսկ քանի դեռ Ծառուկյանը չի եկել և չի ասել իր վճռական խոսքը, մնացած բոլորի ասածները կարելի է ընդունել խիստ վերապահումով, այդ թվում՝ միասնական օրակարգի և իշխանափոխության պահանջի վերաբերյալ հայտարարությունները:

Տեսանյութեր

Լրահոս